Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակ...

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ, բայց Նյու Դելին նաև հոգ է տանում Հնդկաստանի պաշտպանական միջոցների արտահանումը խթանելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, բայց մենք նաև իրականացնում ենք Հնդկաստանի՝ պաշտպանական միջոցների արտահանումը խթանելու քաղաքականություն»,- նշել է ներկայացուցիչը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությունների մասին հարցին։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկիրը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին։