
Հնդկաստանն առաջարկել է չեղարկել ԱՄՆ-ից պողպատի, ավտոպահեստամասերի եւ դեղագործական ապրանքների սահմանափակ ներմուծման մաքսատուրքերը՝ Վաշինգտոնից նմանատիպ քայլերի դիմաց, գրել է Bloomberg-ը։ Ինչպես տեղեկացրել է պարբերականը, առաջարկը հնչել է ապրիլի վերջին հնդիկ պաշտոնյաների Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Երկու կողմերն էլ փորձում են արագացնել այս աշնանը երկկողմ առեւտրային համաձայնագրի կնքումը։ Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ առանց մաքսատուրքի ներմուծումը կտարածվի միայն որոշակի ծավալի ապրանքների վրա։ Սահմանը գերազանցելուց հետո կգործեն ստանդարտ մաքսային դրույքաչափեր: ԱՄՆ պայմանների թվում է այսպես կոչված Որակի վերահսկման պատվերների (QCOs) հետ կապված խնդիրների լուծումը, որը Վաշինգտոնը համարում է ոչ սակագնային խոչընդոտ։ Խոսքը որակի պարտադիր ստանդարտների մասին է, որոնք պետք է պահպանեն բոլոր արտադրողները, այդ թվում՝ արտասահմանյան։ Ամերիկյան կողմը դրանք անվանում է ոչ թափանցիկ եւ խտրական։ Հնդկաստանն իր հերթին պատրաստ է վերանայել այդ պահանջները որոշակի ոլորտներում, մասնավորապես՝ բժշկական սարքերի եւ քիմիական նյութերի, եւ առաջարկում է համաձայնագիր ստորագրել ստանդարտների փոխադարձ ճանաչման վերաբերյալ: Ինչպես նշել է պարբերականը, քննարկումը դեռ շարունակվում է, եւ պարզ չէ, թե արդյոք այդ կետերը կներառվեն համաձայնագրի վերջնական տեքստում։