
Հնդկաստանի ափերի մոտ Wan Hai 503 կոնտեյներային նավի վրա բռնկված հրդեհը երեք օր է՝ չեն կարողանում մարել, հաղորդել է The Maritime Executive-ը։
Նրա տվյալներով՝ չնայած հրդեհի դեմ պայքարի գործում գրանցված առաջընթացին, դեռեւս կա վտանգ, որ նավի վրա գտնվող վառելիքը (մոտ 2000 տոննա մազութ եւ 240 տոննա դիզելային վառելիք) կարող է բռնկվել։ Հնդկաստանի ափային պահպանությունը հայտնել է, որ կրակով բռնկված տարածքի մոտ 40 տոկոսը վերահսկողության տակ է։ Հրդեհը չի վնասել նավի հետնամասը։ Փրկարարական խմբին առաջին անգամ հաջողվել է բարձրանալ նավ եւ սկսել նավը անվտանգ վայր քարշակելու նախապատրաստական աշխատանքները։ Բացի այդ, այրվող կոնտեյներային նավից հեռու հայտնաբերվել է առնվազն 10 լողացող կոնտեյներ։
The New Indian Express պարբերականը հայտնել է, որ Սինգապուրի դրոշի ներքո նավարկող նավը տեղափոխում էր վտանգավոր բեռով լի 157 կոնտեյներ։ Տախտակամածում լսվել են պայթյուններ, որոնք կարող էին պայմանավորված լինել տեղափոխվող պայթուցիկ նյութերի պայթյունով։ Նավի վրա անձնակազմի 18 անդամ կար, նրանք տարհանվել են, նրանցից հինգը հոսպիտալացվել է այրվածքներով։ Հնդկաստանի իշխանությունները մտադիր չեն թույլատրել Wan Hai 503-ին մուտքը իրենց նավահանգիստներ. նավը ստիպված կլինի լքել երկրի ջրերը հրդեհի մարումից հետո։