
Մինչ այժմ ԱՄՆ նախագահ Թրամփը հաղթել է իր բոլոր հակառակորդներին մաքսային վեճում, սակայն դա չի վերաբերում Հնդկաստանին, գրում է «Frankfurter Allgemeine Zeitung»-ը։
Նշվում է, որ Թրամփը վերջին շաբաթների ընթացքում 4 անգամ փորձել է զանգահարել Մոդիին, սակայն վերջինս հրաժարվել է բանակցություններից:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վճռական հայտարարություն է արել՝ ի պաշտպանություն փոքր ձեռնարկատերերի և ֆերմերների, հաղորդում է Times of India-ն։ Հայտարարությունն արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանից ներկրվող ապրանքների վրա 50 տոկոսանոց մաքսատուրքի ուժի մեջ մտնելուց ընդամենը երկու օր առաջ։
«Այսօր աշխարհում բոլորը զբաղված են տնտեսական շահերի վրա հիմնված քաղաքականությամբ։ Ես կրկին ու կրկին խոստանում եմ բոլորիդ, որ ձեր շահերն ինձ համար ամենակարևորն են։ Իմ կառավարությունը երբեք թույլ չի տա, որ վնաս հասցվի փոքր ձեռներեցներին և ֆերմերներին։ Ինչ ճնշում էլ լինի, մենք կշարունակենք ամրապնդվել դրան դիմակայելու համար»,- նշել է Մոդին։
Դոնալդ Թրամփի կողմից հնդկական ապրանքների մաքսատուրքը մինչև 50 տոկոս բարձրացնելուց հետո, այդ թվում՝ Ռուսաստանից հում նավթ գնելու պատճառով, Նյու Դելիի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները վատացել են։ ԱՄՆ-ը Հնդկաստանին մեղադրում է Ուկրաինայում պատերազմի անուղղակի ֆինանսավորման մեջ, ինչը Նյու Դելին կտրականապես հերքում է։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջայշանկարը ծաղրել է Վաշինգտոնի դիրքորոշումը՝ ասելով․ «Ծիծաղելի է, որ ամերիկյան վարչակազմը, որը կողմ է բիզնեսին, ուրիշներին մեղադրում է բիզնեսով զբաղվելու մեջ։ Եթե ձեզ դուր չի գալիս հնդկական նավթը կամ նավթամթերքը, մի՛ գնեք դրանք։ Ոչ ոք ձեզ չի ստիպում։ Բայց Եվրոպան գնում է, Ամերիկան գնում է։ Այնպես որ, եթե խնդիրներ կան, պարզապես դադարեցրեք գնելը»։