Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հայտնել է, որ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները։
Ինչպես Ջայշանքարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում, Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։
«Մեր քննարկումները կենտրոնացած էին Ուկրաինայում ընթացող հակամարտության և դրա ավելի լայն հետևանքների վրա։ Մենք մտքեր փոխանակեցինք այս համատեքստում տարբեր նախաձեռնությունների շուրջ», – նշել է հնդիկ նախարարը։
Նա տեղեկացրել է նաև, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրներին հետաքրքրող գլոբալ և տարածաշրջանային հարցեր։
«Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր հարաբերությունները, ներառյալ երկկողմ համագործակցությունը», – եզրափակել է Ջայշանքարը:
Կուլեբան Նյու Դելի է ժամանել մարտի 28-ին։



