Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդիպում է իրականացրել, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպման ընթացքում, ըստ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, քննարկվել են արբեր հարցեր, այդ թվում նաև Ամուլսարի շահագործման հարցը։ «Որևէ գաղտնի բան չկա, վարչապետը ներկայացրեց իր այսօր առավոտյան ունեցած հանդիպումը և կարծում եմ՝ այսօր երեկոյան կամ օրվա ընթացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ կամ ուղիղ եթերով»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պատասխանելով հարցին՝ ի՞նչ տրամադրվածություն կա, պատգամավորն ասաց․ «Տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն, կա իրավիճակ, երբ կա հետազոտություն, որը ասում է մի բան, և կա իրավիճակ, երբ կա մի կողմից բնապահպաններ, ակտիվիստներ, որոնք ասում են մեկ այլ բան։ Որևէ նոր բան, որը նախկինում չի ասվել և հիմա կատարվելու է, հնարավոր չէ և չի լինելու։
Թե նախընտրական փուլում, թե ամբողջ այս ժամանակահատվածում եղել է հետևյալը՝ եթե լինի գոնե 0.1 տոկոս կասկած, որից կտուժի Ջերմուկը, կտուժի Սևանա լիճը, հանքը չի շահագործվի։ Կառավարելի ռիսկ ասելով նկատի ունեն հետևյալը՝ կա եզրակացության արդյունք, այդ ռիսկերը գնահատվում են և կառավարությունը կկայացնի որոշում, որի մասին ես չէ, որ պետք է ձեզ ասեմ, եթե նման որոշում լիներ, դա կբարձրաձայնվեր»։
Սիմոնյանը ընդգծեց, որ հնչել են և դեմ և կողմ կարծիքներ, տեղի է ունեցել բանավեճ-քննարկում։



