Հնարավոր է՝ գերիների վերադարձը նպաստի, որ ՀՀ-...

Ես չեմ կարծում, որ քննարկման ընթացքում, եթե կա հնարավորություն գերի վերադարձնելու կամ որեւէ այլ ձեւով Հայաստանի համար դրական քայլ անելու, մենք պետք է հապաղենք եւ չգնանք նման քայլի: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է գերիների վերադարձը նպաստի, որ Հայաստանը ընդունի հրավերը եւ մեկնի Բաքու մասնակցելու COP-29-ի գագաթաժողովին:

«Կապրենք՝ կտեսնենք»,- հավելեց նա:

Անդրադառնալով այդ հարցով ընդդիմության կազմակերպած լսումներին, ԱԺ նախագահը նկատեց, որ հենց որ ընդդիմությունը ինչ-որ աշխուժացում է տեսնում, ինքն էլ ակտիվանում է, որպեսզի հնարավոր դրական զարգացումը իրեն վերագրի՝ «իր վրա քաշի»:

Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը, քանի որ դա իրեն ձեռնտու չէ, Սիմոնյանն ասաց. «Ես չեմ ուզում շտապել, որեւիցե ձեւով առաջ ընկնել, բայց այն, որ մենք համառորեն շարունակելու ենք եւ այդ ուղղությամբ աշխատելու ենք: Այս  ընթացքում բազմաթիվ իրավիճակներ են եղել, որ իրոք թվացել է, որ իրավիճակը փակուղային է, բայց նստել ենք, բառ առ բառ քննարկել ենք, դա է մեր աշխատանքը, եւ փոքր քայլերով առաջ ենք գնացել»: