ՀԿ-ն, որտեղ աշխատել է նախարար Զարուհի Բաթոյան...

Կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի նիստում որոշում կայացվեց Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում  անհատույց տարածք տրամադրել «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությանը: Այդ տարածքում նախատեսվում է ստեղծել սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող երեխաների համար քաղաք:

«Երեխաների քաղաք» անվանումն ունեցող ծրագիրը նախատեսում է «ապահով օթևան տրամադրել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխայի՝ իրենց ընտանիքների հետ միասին, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մինչև 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից»:

Թեմայի շուրջ Politik.am-ը զրուցել է «Հույսի կամուրջ» ՀԿ Շահերի պաշտպան Ռուդոլֆ Զաբրոդինի հետ: Վերջինս նշում է՝ «Հույսի կամուրջ»-ի շահերի պաշտպանության թիմը դեմ է այդ ծրագրին, քանի որ այն մարդու իրավունքների և Հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիայի կողմից ընդունված սկզբունքներին դեմ է, քանի կստացվի մի միջավայր, որը բերելու է մեկուսացման:

«Երկու անապահով խմբերի հավաքում են մեկ տեղ, և դրա հետևանքով ստացվելու է այնպես, որ այդտեղ բնակվող մարդկանց նկատմամբ լինելու է բացասական վերաբերմունք ու թիրախավորում:

Զաբրոդինն անհասկանալի է համարում, որ ոչ թե փորձում են զարգացնել այդ խմբերը, այլ նրանց պարզապես հավաքում են մի տեղ.«Եթե կա գլոբալ խնդիր այդ խավի՝ սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաների, ապա ինչու՞ չեք զարգացնում իրենց համայնքները, ինչու՞ չեք ընտրում ավելի արդյունավետ տարբերակ, այլ որոշում եք՝ եկեք նրանց մի տարածքում հավաքենք: Ոչ թե մարդիկ են բնական ձևով հավաքվում, այլ արհեստական ձևով ստեղծվում է մի տարածք, որտեղ նրանք պետք է բնակվեն: Եվ հետագայում, երբ հավաքվեն այնտեղ, իրենց համար լինելու է խնդիր՝ իրենք են ունենալու պատնեշ՝ հաշմանդամություն չունեցողների հետ առնչվելու»:

«Հույսի կամուրջ» ՀԿ Շահերի պաշտպանը նշում է՝ աշխարհում ստեղծվում է տենդենց, որ մարդիկ միասին ամեն տեղ լինեն ու ընդհանուր լինեն, իսկ այստեղ ստեղծվելու է այսպես ասած արհեստական դիսկրիմինացիայի մեծ վայր.«Եթե դուք ուզում եք անել շատ լավ բաներ, ինչու՞ այսպես»:

Զաբրոդինի կարծիքով՝ խնդրահարույց է նաև, որ ծրագրի հեղինակները այս հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ քննարկումներ չեն իրականացրել.

«Ինչու՞ ենք ծրագրի մասին տեղեկանում մամուլից: Իրենք ծրագիրը չեն հրապարակում, բայց պատկերացում կա, որ իրենք փորձում են ստեղծել վայր, որտեղ աղջիկներն ու տղաներն առանձին են ապրելու, այսինքն՝ հանրակացարանային ֆորմատի վայր: Անհասկանաի է, թե ծրագիրը կազմելիս իրենք ինչքանով են հաշվի նստել այդ խմբի կարիքների և իրավունքների հետ»:

Մեր զրուցակիցը խոսքը եզրափակում է «առաջարկով». «Նույն տրամաբանությամբ՝ եկեք, օրինակ, երիտասարդ կանանց համար քաղաք ստեղծենք, տղաների համար քաղաք ստեղծենք, «խադավիկների» համար քաղաք ստեղծենք, և այսպես շարունակ»: