Հիմնանորոգման և նոր շենքերի կարիք ունեցող դպր...

Հիմնանորոգման և նոր շենքերի կարիք ունեցող դպրոցների թիվը շատ ավելի մեծ է, քան 300-ը։ Այս մասին կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է դպրոցական շենքերի վերանորոգման հաջորդ փուլը, հաշվի առնելով, որ 700-800 դպրոցներ վերանորոգման կամ նոր շենքերի կարիք ունեն։

Պատասխանելով Կապանի դպրոցի վերաբերյալ հարցին՝ նախարարն ասել է, որ տեղյակ է խնդրին և որ դպրոցը սկզբնապես ներառված է եղել այդ 300 դպրոցների ցանկում։

Նրա խոսքով՝ խնդիրը կապված է նրա հետ, որ դպրոցի շուրջ առկա է խիտ քաոսային կառուցապատում և հնարավոր չէ այդ հատվածում նոր շենք կառուցել։ Անգամ պարզ չէ, թե ինչպես կարող է տեխնիկան մոտենալ դպրոցին։ Նախարարը չմոռացավ նշել, որ Երևանում ևս իրավիճակը նմանատիպ է։ «Երևանի կենտրոնում կան դպրոցներ, որտեղ չկան կաթսայատներ, որոնք ինչ-ինչ պատճառներով սեփականաշնորհվել են։ Կապանում առաջարկվում է երկու լուծում։ Կամ նոր դպրոց կառուցել թաղամասից 2 կիլոմետր հեռավորության վրա, ինչը դժվարություններ կառաջացնի, կամ կառուցել զառիթափ լանջին, ինչը նույնպես խնդրահարույց է»,- հայտնել է նախարարը։