Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 22-ին ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև առկա են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ և պետք է քայլեր ձեռնարկվեն երկկողմ տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ժան Ասելբորնի այցը կնպաստի հայ-լյուքսեմբուրգյան կապերի հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, այդ թվում՝ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու առումով:
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը՝ խորացնելու Հայաստանի հետ բազմոլորտ գործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին: Կողմերը կարևորել են միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական քայլերը:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ: