
Ըստ վիճակագրության տվյալների, համաշխարհային մասշտաբով ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տարեկան գրանցվում է մեկ 1.2 միլիոն մահվան դեպք, իսկ վրաերթերի թիվը հասնում է 50 միլիոնի, Հայաստանում վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։ Այս մասին ԱԺ-ում ճանապարհային երթևեկության անվտանգությունը թեմայով լսումների ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«ՀՀ-ում տարեկան կտրվածքով, յուրաքանչյուր օր ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դառնում միջինը մեկ մարդ, վիրավորվում՝ 16 մարդ: Չնայած՝ ենթակառուցվածքների և երթուղու կառավարման բարելավման ուղղված միջոցառումներին, արդյունքները, ինչպես տեսնում ենք, բավարար չեն և մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ պատահարներին նպաստող գործոնները տարաբնույթ են՝ ներառյալ ոլորտի կառավարման և ենթակառուցվածքային խնդիրները, տրանսպորտային միջոցների թվի աննախադեպ աճը, երթևեկության մասնակիցների ոչ բանիմաց լինելն ու երթևեկության կանոնները չպահպանելը, հանրակրթության ոլորտում առկա բացերը, երթևեկության մասնակիցների գիտակցության բարձրացման և քաղաքացիական պատասխանատվության խթանման ուղղությամբ ոչ բավարար աշխատանքները և շատ այլ գործոններ:
«Հետևաբար, այսօր ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայի շուրջ մեր լսումները միտված են լինելու վեր հանել և արձանագրել ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքները: Համոզված եմ, որ նշված հարցերի վերաբերյալ մտքեր և առաջարկություններ լսելուց հետո մենք կկարողանանք իմի բերել ամենը և ծառայեցնել ավելի ապահով և կազմակերպված ճանապարհային համակարգի ստեղծման գործընթացին։ Կոպիտ ասած, այս լսումների արդյունքում շատ հնարավոր է մենք սկսենք մտածել տվյալ ոլորտի ռազմավարություն ունենալու խնդիրների շուրջ»,- ասաց նա: