ՀՀ տնտեսական մարտահրավերները. «Նոր պրոյեկտ. Տ...

2025 թ.-ի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքը և 2024թ.-ի տարեվերջյան իրողությունները բացահայտում են այն հիմնական սոցիալական և տնտեսական սպառնալիքները, որոնք առաջիկայում սպասվում են մեր ժողովրդին ու պետությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հոդված է հրապարակել «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախագիծը:

«Նախ կտրուկ վերջին ամիսներին դանդաղում է տնտեսական ակտիվության և աճի տեմպը: Սա մի շարք գործոնների հետևանք է.

- Վերաարտահանման ծավալների կտրուկ նվազում (խոսքը ՌԴ-ից դեպի Արաբական էմիրություններ-Հոնկոնգ արտահանվող ոսկու և ադամանդի մասին է): Չքննարկենք, թե ինչու է դա այդպես։

- Մինչ այդ ռելոկանտների թվի կտրուկ նվազում, որովհետև ՀՀ-ն այլևս ապրելու և աշխատելու համար ծախսատար և թանկ երկիր է:

- ⁠Ներդրումային միաջավայրի «չհամապատասխանեցում և չբարելավում» առկա իրողություններին, այդ թվում ոչ դրական իրողություններին դիմակայելու առումով:

- ⁠Բիզնես միջավայրի նկատմամբ տարբեր թաքնված և բացահայտ ոտնձգություններ:

- ⁠Հարկային բեռի, ուստի և տոկոսադրույքների ավելացում և դրանց մասին առաջիկայում սպասվող հայտարարություններ (օրինակ շրջանառության հարկի տոկոսադրույքի բարձրացում և այլն):

- ⁠Մի շարք «անհաջող» օրենքների և դրանց հետ կապված այնպիսի վարչարարության իրականացում, որը գերզսպում է պետության ներդրումային գրավչությունը:

Կան և այլ պատճառներ, որոնց մասին այստեղ նպատակահարմար չենք համարում մատնանշել:

Բիզնեսն այնպիսի երևույթ է, որը մշտապես ենթադրում է ռիսկերի կառավարում, սակայն այդ ռիսկերը մակրոտնտեսական մակարդակում հնարավորինս պետք է մեղմացնի իշխանությունը, իսկ միկրոմակարդակում՝ ձեռնարկությունները:

Սակայն մեր երկրում, հաճախ մակրոմակարդակում թողնված է օվկիանոսում ազատ և առանց կառավարման վահանակի նավի նավարկություն: Այսպես, օրինակ վերջին օրերին ականատես ենք լինում դրամ-դոլար փոխարժեքների կտրուկ տատանումներին և դեռ ավելին՝ անկանխատեսելի սպասումների:

Իսկ ինչպե՞ս է այս հանգամանքն անդրադառնում ձեռնարկությունների գործունեության արդյունավետության վրա:

Կարծես թե սա թողնված է յուրաքանչյուր բիզնես վարողի ուսերին: Ուստի պետությունը պետք է առաջիկայում հնարավորինս չեզոքացնի մակրոտնտեսական ռիսկերը և դրա մասին թափանցիկ հայտարարություններ անի:

Ակնհայտ է, որ ինչպես սույն թվականի առաջին 9 ամիսներին, այնպես էլ այս փուլում պետական բյուջեի մուտքերը թերակատարված են, հատկապես ոչ հարկային բաղադրիչի մասով: Սա բերելու է նրան, որ մի շարք ուղղություններով կամ ծախսերը պետք է կրճատել, կամ պետական պարտքը պետք է ավելանա՝ հաջորդ տարի մեծացնելով նաև այդ պարտքի սպասարկման գումարները պետական բյուջեում:

Շատ կարևոր է, որ ՀՀ տնտեսական աճի տեմպն ավելի բարձր լինի քան պետական պարտքի աճի տեմպը:

Վերջին ամիսների իրողությունները ցույց են տալիս, որ վերոնշվածն այդպես չէ:

Այսպես, վերջին մեկ տարվա ընթացքում օրինակ, պարտքի աճի տեմպն առաջ է անցել տնտեսական աճի տեմպից: Այսպիսով կարելի է անել մեկ հիմնական եզրակացություն.

Մեր երկրի բիզնես միջավայրին անհրաժեշտ են նոր և իրական ազատություններ, մրցակցային միջավայրի ազատականացում և որակի բարելավում, և վերջապես ոչ ռիսկային խաղի կանոններ:

Եթե 1,5 միլիոն դրամի հարկային պարտավորության դեպքում կարելի է կալանք դնել ձեռնարկության հաշվին, կամ 2 միլիոն դրամ պարտավորության համար դիմել սնանկացման վարույթ հարուցելու համար և հետագայում մի քանի միլիոն պարտքի դեպքում հարուցել քրեական գործ, ապա ամենը որևէ կերպ չի տալիս իրական ազատություններ բիզնեսին :

Ժամանակն է իրականացնել իրական բարեփոխումներ՝ օրենսդրական և վարչարարական ուղղություններով»,- գրված է հոդվածում: