Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։ Այս մասին Գնել Սանոսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Հանդիպման ժամանակ քննարկել ենք Էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
Մասնավորապես, համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա մեծացնել Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով Հայաստան ներկրվող գազի և Հայաստանից հանդիպակաց արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները»,- գրել է Գնել Սանոսյանը:
Գնել Սանոսյանը Ալի Աքբար Մեհրաբիանին է ներկայացրել նաև Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքները, ԱԷԿ-ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։