ՀՀ քաղաքացիության հետ կապված հարցերով ՊԵԿ-ը,...

ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում  է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկույցով հանդես եկավ ՆԳՆ նորանշանական փոխնախարար Արմեն Ղազարյանը:

Նա նշեց, որ օրենքի նախագծի հիմնական նպատակն է քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումը:

«Այսինքն մեր առաջարկն է ստեղծել մեկ միասնական էլեկտրոնային միջավայր, որտեղ կվարվեն քաղաքացիության գործերը ամբողջությամբ։ Ներկայումս այդ գործերը վարվում են թղթային տարբերակով և դա բավականին ռեսուրսատար և ժամանակատար է։ Էլեկտրոնային համակարգը կիրառվելու է ինչպես շնորհման գործերի, այնպես էլ քաղաքացիության դադարեցման գործերի համար։ Էլեկտրոնային համակարգի միջոցով նաև իրականացվելու են բոլոր հարցումները պետական այլ մարմիններ»,- ասաց նա:

Նա նշեց, որ քաղաքացիության շնորհման գործերի և դադարեցման գործերի մեջ ներգրավված են պետական մի շարք մարմիններ՝ ՊԵԿ-ը, ՊՆ-ն, Ոստիկանությունը, ԱԱԾ-ն և այլ մարմիններ, նրանք բոլորը գործելու են այսուհետ միասնական էլեկտրոնային համակարգի մեջ, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

«Հիմնական ոարելավումն այն կլինի, որ գործի ամբողջականության ստուգումը կիրականացվի էլեկտրոնային միջավայրում: Ներկայումս անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, դիմում են պատրաստում, որպեսզի ներկայացնեն վարչական մարմնին, մի քանի անգամ ստիպված են լինում այցելել վարչական մարմին, իրենց գործի ամբողջականությունը ստուգելու, խորհրդատվություն ստանալու, որոշ դեպքերում պակաս է լինում որոշակի անհրաժեշտ փաստաթղթեր կամ դրանց թարգմանություններ, վավերացումներ, ապոստիլներ և մի շարք նմանատիպ հարցեր են առաջանում։

Մենք պահպանում ենք անձի մեկանգամյա այցելության անհրաժեշտ պայմանը: Ուստի օտարերկրացին, ով ցանկանում է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, պետք է այցելի վարչական մարմին և անցնի առաջնային նույնականացում, որից հետո արդեն գործը կվարվի էլեկտրոնային միջավայրում և ուրեմն էլեկտրոնային միջավայրում ուրեմն կստացվի նաև Հանրապետության նախագահի հրամանագիրը և դրա քաղվածքը կկցվի նրա անձնական գործին»,-  պարզաբանեց փոխնախարարը:

Ըստ նրա՝ շատ կարևոր հանգամանք է նաև, որ քաղաքացիության ստացման պահից ի վեր, այսինքն նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելուց ի վեր անձը կստանա հանրային ծառայության համարանիշ և կգրանցվի բնակչության պետական ռեգիստրում։

«Ներկայումս այս գործընթացը տարանջատված է քաղաքացիության շնորհման գործընթացից, և անձը հանրային ծառայության համարանիշ ստանում է անձնագրավորման ժամանակ, ինչը նշանակում է, որ անձի քաղաքացիության ստացման պահից մինչև անձնագրավորում ընկած ժամանակահատվածը ՀՀ քաղաքացի դարձած անձը չունի հաշվառում բնակչության պետական ռեգիստրում և չունի հանրային ծառայության համարանիշ, որը կարծում ենք տվյալների կառավարման և բնակչության պետական ռեգիստրի ամբողջականության տեսանկյունից բավականին սխալ է»,- ասաց նա:

Ղազարյանը նշեց, որ առաջարկվում է փոփոխություն կատարել նաև «Պետական տուրքի մասին» օրենքում:

«Ներկայումս ՀՀ քաղաքացիության ձեռք բերելու համար պետական տուրքը սահմանված է 1000 դրամ, նվազագույն պետական տուրքի չափով, և այն չի փոփոխվել 1997 թվականից ի վեր։ Քաղաքացիության դադարեցման տուրքը սահմանված է 25000 դրամ, և այն ևս չի փոփոխվել սահմանման պահից ի վեր։

Ըստ այդմ, հաշվի առնելով նաև այս տարիների ընթացքում գնաճի և տեխնիկական փոփոխությունները, ինչպես նաև համեմատություններ իրականացնելով միջազգային փորձի հետ մի շարք երկրներում՝ որքան է սահմանված քաղաքացիության ձեռք բերման և դադարեցման համար տուրքերը, մենք առաջարկել ենք համապատասխանաբար շնորհման պարագայում 50,000 դրամ պետական տուրք և քաղաքացիության դադարեցման պարագայում 150,000 դրամ պետական տուրք»,- նշեց նա:

Նա տեղեկացրեց, որ առաջարկվում է քաղաքացիության շնորհման պարագայում պետական տուրքից ազատել փախստականներին, այդ թվում, բնականաբար, նաև ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց՝ այս պահին ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։