ՀՀ նախագահն անդրադարձել է պատերազմի՝ շրջակա մ...

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթով է հանդես եկել նոյեմբերի 7-ից Շարմ Էլ Շեյխում ընթացող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը համաշխարհային օրակարգի կարևոր բաղկացուցիչն է, որը պահանջում է բոլորի համատեղ հանձնառությունը:

«Կլիմայի փոփոխությունն ընթանում է նույնիսկ ավելի արագ, քան նախկինում գնահատվում էր: Մարդկությունը ոչ միայն ականատեսն է այս փոփոխության, այլև անմիջապես կրում է վերջինիս ազդեցությունը. վտանգված են էկոհամակարգերը, սպառվում են ջրային ռեսուրսները, առավել հաճախակի են դառնում ջրհեղեղները, փոթորիկները, անտառային հրդեհները, տապի ու երաշտի դեպքերը»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

«Բոլորս քաջատեղյակ ենք հակամարտությունների՝ շրջակա միջավայրի, վերջինիս ռեսուրսների ու արտադրողականության վրա ունեցած կործանարար ուժի մասին:

Պատերազմի ազդեցությունն էկոհամակարգերի վրա տարբեր է և պայմանավորված է հակամարտության ծավալով և տևողությամբ, ինչպես նաև՝ կիրառված զենքի տեսակներով:

Ցավոք, վերջերս Հայաստանն առերեսվեց նման մարտահրավերի։ Այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանն ագրեսիա նախաձեռնեց՝ թիրախավորելով Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանների խիտ բնակեցված քաղաքները, այդ թվում՝ Ջերմուկ քաղաքը, որը հայտնի է որպես լեռնային սպա և բժշկական զբոսաշրջության վայր, ենթարկվել էր ծանր հրթիռակոծության: Նշված շրջանների դեմ ռազմական գործողությունները ուղեկցվել էին լայն սպառազինության, այդ թվում՝ հրետանային և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ՝ զգալի վնաս պատճառելով եզակի բնապահպանական համալիրին։ Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը ևս կարող էր հանգեցնել մարդկային մեծաթիվ զոհերի, իսկ շրջակա միջավայրի վրա՝ ունենալ աղետալի հետևանքներ»,- անդրադառնալով շրջակա միջավայրի վրա հակամարտությունների ունեցած ազդեցությանն՝ ասել է նախագահը:

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանում առկա մարտահրավերներին ու անվտանգության խնդիրներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել Կառավարության ձևավորած օրակարգում:

«Մասնավորապես, որպես առաջնահերթություն է ճանաչվել կլիմայապես դիմացկուն և ցածր ածխածնային զարգացումը, որը հիմնված է կայուն և երկարաժամկետ կլիմայի փոփոխության հարմարվողականության ռազմավարության, լայնածավալ անտառապատման, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտներում ներդրումների, նորարարական և ժամանակակից կլիմայական տեխնոլոգիաների կիրառման, էլեկտրական շարժունակության խթանման և միջուկային էներգիայի զարգացման վրա»,- ասել է նախագահը։