Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հուլիսի 9-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրեյմ Միհանը (նստավայրը՝ Մոսկվա): ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար: Հայաստանի նախագահը նշել է, որ երկու բարեկամ երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն, և ընդգծել, որ հնարավոր է ավելին անել հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման ու խթանման համար: Նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է գիտության ու բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտները:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Ավստրալիայի հայ համայնքը յուրօրինակ կամուրջ է երկու երկրների միջև և կարևոր դեր ունի երկկողմ համագործակցության ընդլայնման գործում:
Դեսպան Գրեյմ Միհանը նշել է, որ պատրաստ է անել հնարավորը՝ Հայաստանի և Ավստրալիայի միջև կապերի ամրապնդման ու խորացման համար: