
ՀՀ-ն ելնում է իր պետական սիմվոլներից և Հայաստանի Հանրապետության դրոշմակնիքը պետք է արտահայտեն Հայաստանի Հանրապետության պետությանը վերաբերող սիմվոլիզմը, պետական սիմվոլները և զերծ լինի նաև էմոցիոնալ, հուզական նաև սիմվոլներից: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կառավարության այն որոշմանը, ըստ որի կնիքների վրա այլևս չի լինելու Արարատ Լեռան պատկերը:
«Մենք ամեն բան անում ենք, որ Հայաստանի վերաբերյալ տարընկալումներ չլինեն և մեր կողմից կիրառվող սիմվոլիզմը, կնիքները և այլն, ելնեն բացառապես պետական սկզբունքից։ Մենք հիմնվում ենք Ալմաթայի հռչակագրի վրա մեր հարևանների հետ հարաբերություններում: Մեր յուրաքանչյուր գործողություն, կլինի դա կնիքի ձևով, հայտարարության ձևով, պետք է վտանգավոր մեսիջներ չուղարկի ՀՀ հարևան պետություններին»,- ասաց նա։
Նա նշեց, որ ՀՀ-ն սուվերեն պետություն է՝ իր սահմաններով, իր տարածքներով միջազգայնորեն ճանաչված, և ուրեմն կնիքները, որոնք արտահայտում են Հայաստանի Հանրապետությունը որևէ տեղ աշխարհի վրա, պետք է արտահայտեն Հայաստանի Հանրապետության պետական սիմվոլները, ինչը և արվել է:
«Ես ցավում եմ, որ էլի որոշ շրջանակներ այս պարզ տրամաբանությունը շատ լավ իմանալով փորձում են հաղորդել էմոցիոնալ և հուզական ֆոն: Որևէ, դավադրություն չկա այս պատմության մեջ, պետք չի սրան էմոցիոնալ և հուզական ֆոն տալ, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության մասին կնիքները, պետք է, ուրեմն, արտահայտեն Հայաստանի Հանրապետության պետական սիմվոլները, ինչը և արվել է»,- ասաց պատգամավորը: