ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2-րդ,...

Հանրակրթական պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ 2023 թվականին ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով ներդրվելու է հանրակրթական պետական նոր չափորոշիչը, ինչը ենթադրում էր նաև դասագրքերի փոփոխություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ուսումնասիրելով տեղական և միջազգային փորձը՝ որոշվել է դասագրքերի ստեղծման գործընթացն առանձնացնել տպագրությունից: Դեռևս անցյալ տարի հայտարարված դասագրքերի մրցույթը, որի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել էր, ամփոփվել է: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ներկայացվել է ընդհանուր առմամբ 59 անուն դասագրքի հայտ, որոնցից որոշները փորձագիտական դրական եզրակացությամբ երաշխավորվել են տպագրության, որոշները՝ ոչ: Ըստ այդմ՝

  • 2-րդ դասարանի համար ներկայացվել է 17 դասագրքի հայտ, որոնցից երաշխավորվել է 12-ը,
  • 5-րդ դասարանի համար՝ 17 հայտից երաշխավորվել է 14-ը,

7-րդ դասարանի համար՝ 25 հայտից երաշխավորվել է 21-ը:

Նշվում է, որ յուրաքանչյուր դասագրքի փորձաքննության համար ստեղծվել է փորձագիտական խումբ՝ ըստ սահմանված կարգի: Փորձագետների ընտրության համար ԿԳՄՍ նախարարության կողմից նախապես հայտարարվել էր մրցույթ՝ սահմանված կարգին համաձայն: Նախապես հայտ ներկայացրած 800 փորձագետներից աշխատանքային գործընթացում ներգրավվել են շուրջ 600-ը՝ յուրաքանչյուր խմբում առնվազն 8 մասնագետ: Խմբերում պարտադիր ընդգրկված են եղել տվյալ առարկան դասավանդողներ, հայոց լեզվի մասնագետ, մեթոդիստ, հոգեբան, նկարիչ և հիգիենիստ:

Ըստ աղբյուրի՝ փորձաքննության համար նախապես մշակված են եղել գնահատման չափանիշներ, որոնցով առաջնորդվել են գնահատող փորձագետները: Փորձաքննված դասագրքերի արդյունքներն ամփոփվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից: Կան դեպքեր, երբ նույն առարկայից հաղթող է ճանաչվել երկու դասագիրք, ինչը դպրոցին հնարավորություն է  ընձեռում ընտրելու  դասագիրքը:

«Դասագրքերը ստեղծվել են հանրակրթական նոր չափորոշչի պահանջներին համապատասխան: Դասագիրք ստեղծողները ևս առաջնորդվել են չափորոշչով և առարկայական ծրագրերով, որտեղ թեմաներն արդեն իսկ սահմանված էին: Եթե նախկինում ըստ չափորոշչի ուսումնական գործընթացի վերջնարդյունքը պետք է լիներ սովորողի գիտելիքը, ապա նոր չափորոշչով որպես վերջնարդյունք՝ գիտելիքից բացի, կարևորվում են նաև կարողությունները, հմտությունները, արժեքային համակարգը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նա նշել է, որ խրախուսվել են նաև հիբրիդային ձևաչափով դասագրքերը, որոնք պարունակում են էլեկտրոնային հղումներ, QR կոդեր, ինչը ժամանակակի պահանջ է:

«21-րդ դարի դասագիրքը չի կարող զերծ մնալ էլեկտրոնային բովանդակությունից», - համոզված է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Առաջիկայում կմեկնարկի նոր դասագրքերի տպագրության գործընթացը: