ՀՀ իշխանությունները պետք է ուշադիր լինեն Թուր...

Այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ խոսելով Կարսի պայմանագրի կարևորության և ՀՀ իշխանության անտարբերության հետևանքով լրջագույն խնդիրների առաջացման մասին, կոչով դիմեց իշխանություններին «իշխանությունները թող իմ խոսքերը կոչ համարեն ու ուշադիր լինեն թուրքական՝ խիստ հմտորեն լարած թակարդին և դրանից բխող այլ հետևանքներին»:

նա նշեց, որ տարբեր առիթներով Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը վերաճանաչի Կարսի պայմանագիրը կամ հայտարարի հողային պահանջատիրությունից հրաժարվելու մասին, բայց Հայաստանը երբեք չի հայտարարել Կարսի պայմանագրի ճանաչման մասին: Ըստ նրա՝ այդ պայմանագիրը ստորագրվել է հայկական թույլ, պարտված իշխանության պարագայում, սակայն հիմա ևս նույն պատկերն է:

Ռուբեն Մելքոնյանը հիշեցրեց մարտին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, թե թշնամու հետ սահմաններին ժամանակավոր տեղակայվում են սահմանապահներ, մինչև սահմանազատումն ու սահմանագծումը, որը տեղի կունենա միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումից հետո:

«Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը թուրքական կողմից ևս մի պահանջ է ենթադրում, այսինքն՝ Հայաստանին ինչ-որ կերպ քողարկված ներկայացվելու է Կարսի պայմանագրի ճանաչման կամ վերաճանաչման պահանջ, սա այն քողարկված վտանգն է, որը տանելու է թուրքական երկրորդ նախապայմանի իրականացմանը, իսկ Հայաստանն այս պարագայում արձանագրելու է իր պարտությունը»,-ասաց թուրքագետը: