ՀՀ իշխանություններն են ձգձգում Ռուսաստանում բ...

Բանակցություններում հաջողության հասնելու համար բանակցողը պետք է պաշտպանի իր երկրի շահերը. Մենք լուրջ կասկածներ եւ հիմնավորումներ ունենք, որ իրենք հայ ժողովրդի շահերը չեն պաշտպանում: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ձեռքերը լվանալ Արցախից, Ադրբեջանի յուրիսդիկցիան Արցախի վրա ճանաչելը հակազգային քայլ է: Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ կա կուրի փոփոխություն, այլապես գոնե շնորհքի համար մի քանի հանդիպում Մոսկվայում կանեին: Հիշեք, Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ ի՞նչ բանակցություններ, երբ Լաչինի միջանցքը փակ է, միջանցքը 150 օր փակ է, իրենք տարբեր տեղերում բանակցել են: Տրամաբանական կլիներ, որ եթե խոսվում է Արցախի անվտանգության մասին, պետք է խոսվեր այն ուժերի հետ, որոնք պատասխանատվություն են ստանձնել ապահովել Արցախի եւ Քաշաթաղի միջանցքի անվտանգությունը: Եթե Հայաստանը մտահոգություն ունի, որ եռակողմ հայտարարության դրույթները չեն կատարվում, պետք է երեքով նստեն եւ խոսեն: Բայց Հայաստանը դա չի անում: Իսկ ինչ կարող ենք ակնկալել արեւմտյան հարթակներում բանակցություններից, ես շատ հոռետես եմ, բանակցությունները կատարելապես ձախողվեցին Վաշինգտոնում: Ձախողվեցին, որովհետեւ ինչքան էս իշխանությունը զիջումներից է խոսում, Ադրբեջանն ավելի է լկտիանում: Հավանաբար այնպիսի լկտի պահանջներ է ներկայացրել, որ այս իշխանությունները հասկացել են, որ չեն կարողանա կլանել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ռուսների թողտվությամբ այսօր Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետ է դրվել, Արթուր Խաչատրյանն ասաց. «Իսկ եթե Արցախում հիմա ռուսներ չլինեն, ի՞նչ կլինի վաղը Արցախում եւ ինչ կլիներ նոյեմբերի 10-ին Արցախում, եթե նոյեմբերի 9-ին ռուսներն այնտեղ չմտնեին»:

Հարցին՝ մենք ընտրել ենք դանդաղ մա՞հը, նա արձագանքեց. «Մենք որեւէ մահ չենք ընտրել, մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, բայց ակնհայտ է, որ եթե նոյեմբերի 9-ին այնտեղ ռուսներ չլինեին, նոյեմբերի 10-ին այնտեղ կլինեին թուրքեր: Եվ ակնհայտ է, որ եթե այսօր ռուսները այնտեղից դուրս գան, ապա վաղը Արցախում հայ չի լինի»:

Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Բրյուսելում կայանալիք հայ-ադրբեջանական հանդիպումից ոչ մի ակնկալիք չունի, քանի որ այս իշխանությունը բանակցություններում հայ ազգի շահը չի պաշտպանում: Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանություններն են ձգձգում Ռուսաստանում բանակցությունները. «Վեկտորի փոփոխություն է, ակնհայտ է»: