ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում...

Սահմանադրությամբ նախատեսված հնարավորությամբ ձևավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել քաղաքացիական նախաձեռնությամբ օրենքի նախագծին։ Այս մասին ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Եվրաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«52 հոգի ձևավորել են նախաձեռնող խումբը, այն հաստատվել է նոտարի կողմից և նախաձեռնող խումբը օրենքով սահմանված ժամկետում հավաքել է 60,000 ստորագրություն՝ հետևյալ օրենքի նախագծի տակ: Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքն է՝ Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած բարեկեցիկ երկիր, հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Շուրջ 50 օրվա ընթացքում  օրենքով նախատեսված ժամկետի կեսում բնակավայրերից Հայաստանի Հանրապետության համայնքների մոտավորապես մեկ քառորդից հավաքագրել է շուրջ 60 հազար ստորագրություն։ Ստորագրությունների իսկությունը հաստատել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և այս օրենքի նախագիծը դարձել է օրենսդրական նախաձեռնություն Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի և Սահմանադրության իմաստով»,- ասաց նա:

Զեյնալյանը ներկայացրեց օրենքի ընդունման հիմնավորումները։

«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման նպատակն առաջադեմ քաղաքակիրթ, զարգացած, մարդկության ընտանիքին անդամակցելու Հայաստանի ժողովրդի, նրա ներկայիս իշխանության կամքի վճռականության ամրագրումն է: Օրենքը հռչակում է նախաձեռնողների և Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, որ կկանխորոշի Հայաստանի իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը։

Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում օրենքը, նրա ընդունման ձևը ու միջոցը կմեծացնի Հայաստանի իշխանության ամրակայումը, դիմակայունությունը։ Օրենքի ընդունումը, ժողովրդավարությունը, քաղաքացիների պետական կառավարմանը մասնակցության իրավունքն ու դրա գործարկումը, իրագործումը, իրավունքի գերակայությունը կդարձնի անշրջելի, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելության նկատմամբ հավատն ու վստահությունը։

Եվրոպական Միության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, կնպաստի Հայաստանի ազգային բանակի համապատասխանեցմանը Եվրոպական Եվրոմիության անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին, կնպաստի մարդու իրավունքների շարունակական զարգացմանը և պաշտպանությանը, կնպաստի տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը, գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, արտադրողականության և ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացմամբ, ինչը հնարավոր է միայն Արևմուտքի և Եվրամիության հետ համագործակցությամբ։ Ներդրումային և տեխնոլոգիաների հասանելիության ապահովմանը, արդյունաբերության վերագործարկմամբ, տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ և ռեալ հատվածի մասնաբաժնի մեծացմամբ, լոգիստիկ նոր կապերի ստեղծմամբ, հայկական արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ դարձնելով:

Կնպաստի ժողովրդագրական անվտանգության խնդրի լուծմանը նոր աշխատատեղերի ստեղծմամբ, կենսամակարդակի բարձրացմամբ, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմամբ։ Կնպաստի ներքին կայունության, համերաշխության ու միասնականության ապահովման խնդիրների լուծմանը պետական քաղաքականության միջոցով, պետության զարգացման հեռանկարների որոշարկմամբ ու ծրագրմամբ կնպաստի կրթության և մշակույթի համաեվրոպական արժեքներին և չափանիշներին համահունչ զարգացմանը, քաղաքակրթական ընդհանուր միջավայրի ձևավորմանը։ Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցությունը Եվրոպական Միությանը կհարստացնի, Եվրամիության արժեքային համակարգն ու քաղաքակրթական մոդելը, հայկական բազմադարյա պատմության կուտակված փորձով ու ինքնատիպությամբ։ Օրենքը չի առաջացնում որևէ այլ խնդիր, դրա վերաբերյալ տեղեկանքը, տեղեկանքները կցված են օրենքի նախագծին»,- ասաց նա: