Նիկոլ Փաշինյանի աներձագի տունը թալանողը լքել...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առանձնատունը թալանող անձը դեպքից հետո լքել է Հայաստանը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ Հայաստանը լքելուց հետո կապ է հաստատել իրավապահների հետ ու հայտնել, որ ինքն է թալանել Փաշինյանի աներձագի տունը, գրել է Armlur.am-ը։

Այս հանգամանքը խիստ իրարանցում է առաջացրել իրավապահ համակարգում, թե ինչպես է ստացվում, որ վարչապետի աներձագի տունը թալանողը հերիք չէ՝ լքում է երկիրը, մի բան էլ զանգահարում իրավապահներին ու հայտնում է, որ ինքն է արել հանցագործությունը:

Քննության շահերից ելնելով՝ ենթադրյալ հանցագործի տվյալներն այս պահին չեն հրապարակվում:

ՆԳՆ-ից ArmLur.am-ին հայտնել են․ «Այս պահին իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Նախաձեռնված է քրեական վարույթ։ Այժմ մեկնաբանություն տալ չենք կարող»։

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ իրենց հասցվել է 7-8 մլն դրամի վնաս․ տարել են գումար, ոսկյա շղթաներ և ժամացույց։