ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին:
Ինչպես politik.am-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ ՀԲ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է և ՀԲ-ի հետ աշխատանքները հատկապես վերջին շրջանում առավել ինտենսիվ բնույթ են կրում:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել շարունակելու ընթացիկ արդյունավետ համագործակցության ուղղությամբ ջանքերը:
Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ավանդույթ դարձած արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակվի:
Կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, մասնավորապես ՀԲ-ի կողմից տրամադրվելիք բյուջետային աջակցության գործընթացին և նախանշել են առաջիկա համատեղ գործողությունները: