ՀՀ եւ Սաուդյան Արաբիայի գործարարները պետք է հանդիպեն եւ քննարկեն համագործակցության հարցը։ Այս մասին «ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի հետ Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովում օգոստոսի 8-ին ասել է «Value Makers Studio» վենչուրային ընկերության (Սաուդյան Արաբիա) հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մոթազ Աբուոնկը։
«Յուրաքանչյուր երկիր մտածում է, թե ինչպես զարգացնի իր տնտեսությունը։ Որպեսզի տնտեսությունը զարգանա, երկիրը փորձում է տնտեսության զարգացման մեջ ներգրավել դրսի մարդկանց, դիտարկում է տարբեր օտարերկրյա ներդրողների եւ գործարարների։ ԲՐԻԿՍ-ը արդեն հավաքել է ներդրողներ եւ գործարարներ։ Քանի որ ես ինքս գործարար եմ, կարծում եմ, որ պետք է համագործակցեմ ԲՐԻԿՍ-ի հետ»,- նշել է Մոթազ Աբուոնկը։
Տեղեկացնելով, որ երեկ ծանոթացել է ՀՀ գյուղատնտեսությանը եւ տեսել երիտասարդների, նա նշել է, որ այսօր ծանոթացել է մի ներդրողի հետ, եւ մենք քննարկել ենք համատեղ ներդրումները Սաուդյան Արաբիայում։ «ՀՀ-ում գյուղատնտեսությունից բացի կարող ենք համագործակցություն ծավալել այնպիսի հատվածներում, ինչպիսին է արտահանումը ՀՀ-ից մեր երկիր, այն, ինչ չկա մեզ մոտ։ Դրա համար գործարարները պետք է հանդիպեն եւ քննարկեն վստահության հարցը, սկիզբ դնեն համագործակցությանը եւ ներդրումներին»,- նշել է Աուբոնկը։ Որպես օրինակ նա ներկայացրել է իր ընկերությունը գործարարների համար, այն օգնում է ոչ մեծ ընկերություններին դուրս գալ Սաուդյան Արաբիայի շուկա եւ ներդրումներ անել։ «Ներկայացվում են ծառայությունների բոլոր տեսակները՝ ինչպես դուրս գալ շուկա, որոնք են օրենսդրական շրջանակները, ինչպես անել, որպեսզի գործը առաջ գնա, ինչպես նաեւ կապեր հաստատել նրանց հետ, ովքեր Սաուդյան Արաբիայում կարող են շահագրգռված լինել նման բիզնեսով։ Հրավիրում եմ բոլորին գալ եւ ծանոթանալ Սաուդյան Արաբիայի շուկային, եւ կոչ եմ անում իմ հայրենակիցներին գալ Հայաստան»,- նշել է Մոթազ Աբուոնկը։



