
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունը, Մխիթար Հայրապետյանն, ընդգծելով երկու երկրների ժողուրդների պատմական կապն ու բարեկամությունն, անդրադարձել է տարբեր ոլորտներում երկկողմ փոխհարաբերություններին և համագործակցությանը՝ մասնավորապես կապի և հեռահաղորդակցության ու տեխնոլոգիական ուղղություններին:
Գիորգի Շարվաշիձեն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Վրաստանի՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի քաղաքականության ուղղություններն ու տեսլականը, այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառումների և կոնֆերանսների անցկացման, կրթական և վերապատրաստման, տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը նպաստող համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման, երկու երկրներում առկա ստարտափներին և նորարարությանն աջակցող տեխնոլոգիական պարկերի և ինկուբատորների համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: