ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական...

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը:

Ինչպես  հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին։

Մտքեր են փոխանակվել հուլիսի 16-ին վրացական կողմի հյուրընկալությամբ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը շարունակում է կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։