«Հեզբոլլահի» պայթեցված կապի սարքերը լցված են...

«Հեզբոլլահի» պայթեցված կապի սարքերի մարտկոցները լցված են եղել հզոր, հեշտությամբ պայթեցվող պայթուցիկ պենտերիտրիտոլ տետրանիտրատով (PETN), որն իր մաքուր տեսքով օգտագործվում է պայթեցման գլխիկներ լիցքավորելու համար: Այդ մասին Reuters-ին հայտնել է սարքի բաղադրիչներին ծանոթ լիբանանյան աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ սեպտեմբերի 18-ին՝ մեծ քանակությամբ փեյջերների պայթեցման հաջորդ օրը, պայթել են հարյուրավոր կապի սարքերի մարտկոցները, որոնք, լրատվամիջոցներում հայտնված լուսանկարների համաձայն, արտադրվել են ճապոնական Icom կորպորացիայի կողմից։ Կորպորացիայից հայտնել են, որ 10 տարի շարունակ չի արտադրվել կամ չի մատակարարվել IC-V82 կապի սարքեր, որոնք պայթել են Լիբանանում՝ ենթադրյալ կիբերհարձակումից հետո: Կորպորացիան չի բացառել, որ հին կապի սարքերը փոփոխվել են՝ դրանք պայթուցիկ նյութերով լցնելու համար:

Լիբանանյան աղբյուրը նաև հայտնել է, որ պայթյուններ են տեղի ունեցել նույնիսկ այն ժամանակ, երբ մարտկոցը անջատված է եղել սարքի մնացած մասերից։