«Հեզբոլլահ»-ը պատրաստ է ցանկացած զարգացման, ա...

Պայքարը շարունակվում է, և բոլոր տարբերակները մնում են սեղանին. այս մասին հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավարի տեղակալ Շեյխ Նաիմ Քասեմը: Սա «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունից հետո շարժման պաշտոնյայի կողմից առաջին հայտարարությունն է: Այս մասին գրում է Times of Israel-ը:

««Հեզբոլլահ»-ը պատրաստ է ցանկացած իրադարձությունների, այդ թվում՝ Իսրայելի ցամաքային ներխուժմանը (Լիբանան-Խմբ.)։ Հակառակորդը չի կարողացել վնաս հասցնել մեր ռազմական հնարավորություններին, և, ինչպես տեսնում են բոլորը, մեր հրթիռակոծությունները չեն դադարել։ Մենք կփոխարինենք Հասան Նասրալլահին, երբ հարմար պահը լինի», - ասել է Քասեմը:

Նա հավելել է, որ թեև պատերազմը կարող է երկար տևել, սակայն «Հեզբոլլահ»-ը վստահ է, որ Իսրայելը չի հասնի իր նպատակներին:

«Մենք պատրաստ ենք, եթե իսրայելցիները որոշեն ցամաքային  ներխուժում անել, դիմադրության ուժերը պատրաստ են ցամաքային բախման: Չնայած «Հեզբոլլահ»-ի հրամանատարների կորուստներին, ամբողջ Լիբանանում խաղաղ բնակչության դեմ հարձակումներին և մեծ զոհողություններին, մենք չենք նահանջի մեր դիրքերից: Մենք կշարունակենք աջակցել Գազային և պաշտպանել Լիբանանը», - ընդգծել է Քասեմը:

Նա հավելել է, որ շարժումը հնարավորինս շուտ կընտրի նոր գլխավոր քարտուղար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հրամանատարի և յուրաքանչյուր պաշտոնյայի համար կան փոխարինողներ։