«Վստահ եմ, որ համաշխարհային նոր հեղափոխությունն անխուսափելի է, և դա տեղի է ունենալու անկախ ամեն ինչից, և մեր քաղաքական թիմի դերն այն է, որ ժողովրդին հասցնենք այդ ամեն ինչի մասին», - «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարի մեկնարկին հայտարարեց կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանը։
Նա նշեց, որ այդ հեղափոխությունը կարող է սկսել Հայաստանից, և դրա նախադրյալները կան։
«Հեղափոխությունը լինելու է, և մենք ունենք աննախադեպ հնարավորություն այդ հեղափոխությունն առաջնորդելու։ Որքան էլ մեզ արտաքին տեղեկատվական դաշտերը տեռորի ենթարկեն, այլասերեն, տարանջատեն, միևնույն է, մենք բավականին միատարր հասարակություն ենք։ Նույնիսկ այս վերջին մեկ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք բավական միատարր ենք, նույնիսկ շատ ավելի, քան եվրոպական ցանկացած երկիր, ըստ այդմ, ունենք հնարավորություն առաջնորդելու այդ հեղափոխությունը գաղափարական մասով», - նշեց Արթուր Դանիելյանը։



