Բոլոր այն անձինք, կառույցները, որոնք Հայաստանում առողջ փոփոխությունների և շրջադարձների ճանապարհին փորձում են խոչընդոտ հանդիսանալ, դիրքավորվում են բռնության մշակույթի տիրույթում, այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ խոսելով երեկվանից մեկնարկած ֆեյսբուքյան ֆլեշմոբին, որի ժամանակ հիմնականում ՀՅԴ անդամները գրառումներ էին կատարում, որ ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանին իրենք են ծեծել և գնում են ոստիկանություն՝ իրավապահներին ներկայանալու:
Իրավապաշտպանն ասում է, որ բռնության կոչերին այժմ հաջորդեց գործողության փուլը, որովհետև մինչ այժմ որևէ նմանատիպ գործողություն չէր եղել, որ ինչ-որ խումբ ստանձներ պատասխանատվությունը՝ ասելով, որ ինքը ծեծի է ենթարկել տվյալ անձին.«Ինձ համար առավել զարմանալի է, որ նմանատիպ հայտարարություններով հանդես են գալիս, օրինակ, լրագրողները կամ լրատվական դաշտում բավական ճանաչում ունեցող անձինք («Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունից Գեղամ Մանուկյանն էր նման գրառում կատարել. խմբ.): Սա ինձ համար ազդակ է հանդիսանում, որ Հայաստանում խոսքը՝ որպես փոփոխությունների և երկխոսության և վիճաբանության գործիք, իրեն սպառել է, և տարբեր բևեռներում գտնվող և տարբեր պատկերացումներ կրող մարդիկ չեն ցանկանում խոսքի միջոցով հասնել իրենց խնդիրների բարձրաձայնմանն ու համախոհների մոբիլիզացմանը: Բռնությունն է դարձել այն գործիքը, որի շուրջ պետք է մոբիլիզացվեն այն խմբերը, որոնք դուրս են մնացել հետհեղափոխական պրոցեսներից: Ես այսպես եմ դիտարկում, որովհետև այլ բացատրություն դրան գտնել հնարավոր չէ, և մյուս կողմից էլ ինչը կարող է արդարացնել բռնությունը՝ միայն անպատժելիությունը»:
Հովհաննիսյանի համար անհասկանալի է՝ ի՞նչ պատիժ էին պատկերացնում կոնկրետ անձինք այն անձի համար, որին բռնության են ենթարկել.«Եթե պատկերացնում են որևէ պատիժ, իրենք երկար տարիներ եղել են իշխանության ղեկին, և կարող էին ներկայացնել որևէ օրենսդրական նածխաձեռնություն, որը սոցցանցերում ատելության խոսքը կարող էր կառավարել: Օրինակ՝ մեր՝ իրավապաշտպաններիս հանդեպ մշտապես եղել է ատելություն, մշտապես եղել են ատելության կոչեր, և մշտապես իրավապաշտպանններս գտնվել ենք տարբեր խմբերի թիրախներում, բայց որևէ մեկին սա չի հուզել, որ որևէ մեկը չի փորձել բարձրաձայնել դրա մասին կամ փորձել կարգավորել դաշտը, որպեսզի ատելությունը չտարածվի. հիմա փորձում են ցուցադրել, որ իրենք մեկը մյուսից ավելի ուժեղ են, իսկ ուժի ցուցադրումը հասարակության մեջ ամենատհաճ երևույթն է»:
Հարցին, թե ճի՞շտ են կարծիքները, որ ատելության մթնոլորտը թեժացել է հեղափոխությունից հետո, Զարուհի Հովհաննիսյանն ասաց.«Իրականում այո, նկատել եմ, ավելացել է, բայց դա նաև ուղղորդման, կոնկրետ թիրախներ փնտրելու ձևով է ավելացել: Ուղղորդված է դուրս մնացած խմբերի կողմից, քանի որ նրանք ունեն պատասխանատվության ենթարկվելու որոշակի տագնապներ, որովհետև ունեցել են տարբեր տիպի հանցավոր համագործակցություններ, և փորձում են թեժացնել իրավիճակն ու բռնություններով ծածկել այն ամբողջ գործընթացը, որը դեռևս Հայստանում իրականում չի սկսվել: Քանի որ 1 տարում հակազդող համակարգը չձևավորվեց, նրանք հնարավորույթւն ստացան «վերակենդանանալու»: Ես չեմ կարծում, որ իշխանության մեջ գտնվող անձինք շատ լավ պատկերացնում են՝ ինչպես առողջացնել համակարգը, և դրա ապացույցը այս հապաղումն է»:



