Հերթը լրատվամիջոցներինն է․ «Հրապարակ» օրաթերթ...

Լրատվամիջոցները կրկմին հայտնվել են իշխանությունների թիրախում։ Այս անգամ սակայն իշխանությունները չեն բավարարվել ֆեյքերի միջոցով հայհոյանք գրելով, այլ շատ ավելի հեռուն են գնացել և պատրաստվում են քրեական պատասխանատվության ենթարկել հրապարակախոսին, ով քննադատել է Նիկոլ Փաշինյանին։ Թիրախում «Հրապարակ» օրաթերթում հրապարակախոսական հոդվածներով հանդես եկող Էդիկ Անդրեասյանն է։

Օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ քրեական հետախոզությունը հետաքրքրվում է Էդիկ Անդրեասյանի վերջին հոդվածներից մեկով․ «Այո, ոստիկանության քրեական հետախուզությունից զանգահարեցին խմբագրություն եւ խնդրեցին հրապարակախոս Էդիկ Անդրեասյանի տվյալները, որ կապվեն եւ հրավիրեն բացատրություն տալու։ Ինչ նպատակով։

Պարզվեց, որ գլխավոր դատախազը գրություն է ուղարկել ոստիկանություն՝ առաջարկելով ուսումնասիրել Անդրեասյանի «Բռնապետիկը եւ մենք» հոդվածը եւ լուծել քրեաիրավական պատասխանատվության հարցը։ Ես առաջարկեցի գրությունն ուղարկել խմբագրություն, ծանուցագիր ուղարկել, որտեղ կնշվի, թե որ գործի շրջանակներում է հրավիրվում հեղինակը, կմտածենք ինչ անել։ Այսօր արդեն դատախազության մամուլի պատասխանատուն ինչ որ բացատրություն է գրել, որ իրենց է դիմել սոցապնախարարը, որի մասին նշված հոդվածում ընդամենը մեկ նախադասություն կա՝ անորոշ եւ գնահատողական, որը որեւէ փաստական տվյալ չի պարունակում։ Եթե այդ նախադասության մեջ տիկին նախարարն իր հասցեին զրպարտություն է տեսնում, ապա պետք է, ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիները, դիմի դատարան՝ քաղաքացիաիրավական դաշտում հարաբերությունները ճշտելու հայցով, սակայն նա նախընտրել է քրեական լծակները գործի դնելը, ինչը շատ բնորոշ է այս իշխանություններին»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ սա իշխանությունների կողմից մտածված սցենար է․ «Իրականում, վստահ եմ, որ սա իշխանական կաբինետներում մտածված սցենար է՝ մամուլի եւ առավել սուր քննադատությամբ հանդես եկող անձանց նկատմամբ հետապնդում իրականացնելու եւ նրանց զսպաշապիկ հագցնելու նպատակով։ Ուղղակի Էդիկ Անդրեասյանի հոդվածներն ամենաքիչ հնարավորությունն են տալիս զրպարտության, վիրավորանքի, առավել եւս հեղինակին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, ուստի իշխանությունը սխալ թիրախ է ընտրել եւ մատնել է սեփական մտահղացումների ուղղվածությունը»,-ասաց տիկին Օհանյանը։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը վստահ է, որ «ուղտը չոքելու» է նաև մյուս լրատվամիջոցների դուռը և դրա համար անհրաժեշտ է, որպեսզի լրագրողական հանրությունը միասնական լինի․ «Լրագրողական համայնքը պետք է հասկանա, որ այսօր «Հրապարակն» ու Էդիկ Անդրեասյանն են թիրախը, վաղը հերթը հասնելու է մյուսներին՝ իշխանությունը կանգ չի առնելու։ Մտել ենք քաղաքական հետապնդումների եւ խոսքի ազատության ճնշումների ժամանակշրջան»։