Հերթական հարձակման դեպքում Իրանի տարբերակների...

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հետագա հարվածների դեպքում Թեհրանը կարող է դիտարկել ուրանի հարստացումը մինչև 90% հարստացնելու հնարավորությունը, ինչն արդեն միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ մակարդակ է։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Իբրահիմ Ռեզային։

«Հերթական հարձակման դեպքում Իրանի տարբերակներից մեկը կարող է լինել ուրանի հարստացումը մինչև 90%։ Մենք սա կքննարկենք խորհրդարանում», - գրել է Ռեզային X սոցիալական ցանցում։

Մայիսի 10-ին Իրանը Պակիստանի միջնորդներին էր ներկայացրել իր պատասխանը ԱՄՆ-ի հետ հակամարտության լուծման Վաշինգտոնի առաջարկին։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ գոհ չէ Թեհրանի առաջարկից, և այն «անընդունելի» է։

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ առաջարկը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես՝ Լիբանանում, իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցում, հետագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքներ, պատժամիջոցների չեղարկում, իրանական նավթի վաճառքի արգելքի վերացում, փոխհատուցում պատերազմի ընթացքում հասցված վնասների համար, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։

Իր հերթին, Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման՝ Թեհրանի 14 կետից բաղկացած առաջարկը լուծման միակ տարբերակն է։