Հերացի փողոցում «Լեքսուսի» ուղևորները հայհոյե...

Հունվարի 14-ին Երևանում պարեկները ուժեղացված ծառայության ժամանակ նկատել են, որ Հերացի փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան ընթանալիս ուղևորները իջեցրել են ապակիները և հայհոյանքներ հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, պարեկները Խանջյան 35 հասցեի մոտ կանգնեցրել են նշված ավտոմեքենան, որից հետո ավտոմեքենայից դուրս եկած ուղևորները, խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության և ոստիկանության ծառայողների նկատմամբ։

Նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ 43-ամյա Ռոման Մ․-ն, 43-ամյա Արտակ Ս․-ն, 48-ամյա Աշոտ Խ․-ն, 39-ամյա Վաղուշ Մ․-ն և 44-ամյա Գևորգ Հ․-ն, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։