Հեգսեթն օգտագործել է Signal մեսենջերի մի քանի...

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն օգտագործել է Signal մեսենջերի մի քանի չաթ գերատեսչության, այդ թվում նաեւ ռազմական կարիքների համար: Այս մասին գրել է The Wall Street Journal թերթը (WSJ)՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրա տեղեկացմամբ՝ Հեգսեթն օգտագործել է առնվազն 12 չաթ։ Դրանցից մեկում նա իր օգնականներին ասել է, որ օտարերկրյա կառավարություններին տեղեկացնեն ծավալվող ռազմական գործողության մասին: Հեգսեթը նաեւ օգտագործել է մեսենջերը՝ քննարկելու լրատվամիջոցների ելույթները, արտասահմանյան ուղեւորությունները, իր ժամանակացույցը եւ այլ ոչ գաղտնի, բայց կոնֆիդենցիալ տեղեկություններ: Ավելի վաղ Associated Press գործակալությունը հայտնել էր, որ Պենտագոնում Հեգսեթի գրասենյակը համալրվել է չպաշտպանված ինտերնետ հասանելիության կետով՝ շրջանցելով հաստատված անվտանգության ընթացակարգերը։ Նախարարը ինտերնետ է մտել չպաշտպանված ալիքով՝ Signal-ից օգտվելու համար։ Ավելի վաղ The Washington Post թերթը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Հեգսեթը Պենտագոնում տեղադրել է մեսենջեր, որը նախատեսված չէ իր համակարգչի վրա գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար՝ բջջային ծառայության բացակայությունը փոխհատուցելու նպատակով: Ապրիլի 20-ին The New York Times թերթը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ մարտի 15-ին Հեգսեթը իր կնոջ՝ Ջենիֆերի, որը Պենտագոնի աշխատակից չէ, եղբոր՝ Ֆիլի եւ անձնական փաստաբան Թիմ Պարլատորեի (երկուսն էլ՝ Պենտագոնի աշխատակիցներ) հետ չաթում հրապարակել է F/A-18 Hornet կործանիչների թռիչքների ժամանակացույցը, որոնք հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» շարժման դիրքերին։ Ինչպես նշել է պարբերականը, ի տարբերություն Signal-ում ամերիկյան վարչակազմի պաշտոնատար անձանց չաթի, որը դարձել է սկանդալի առարկա, երկրորդ չաթն ստեղծվել է Պենտագոնի շեֆի կողմից անձամբ եւ ներառել է մոտ տասը մարդ նրա մերձավոր շրջապատից։ ԱՄՆ պաշտպանության նախարարի հանրության հետ կապերի գծով օգնական Շոն Պարնելը հերքել է այդ տեղեկությունները։