
Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, և հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։
«Հետաքննություն անցկացնելու համար ստեղծվել է հանձնաժողով, մեղավորները ձերբակալվել են, նրանք բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրել եմ, թե ինչպես է տեղի ունեցել այս ողբերգությունը։ Տեղի է ունեցել անփութություն, մասնավորապես՝ անվտանգության կանոնների խախտում և անզգուշություն», — նախարարի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։
Շաբաթ օրը Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին «Ֆարս» լրատվական գործակալությանը հայտնել է, որ դա տեղի է ունեցել քիմիական պահեստում, սակայն դժվար է հստակ ասել, թե ինչն է դրա պատճառը։ Միաժամանակ, լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի բաքերից մեկի բռնկման հետևանքով։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբբաս նավահանգստից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով կոտրվել են մի քանի կիլոմետր շառավղով պատուհանները։ Երկրի իշխանությունները հրամայել են հետաքննություն սկսել։