Օրերես Երևանի «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՀՀ ՊԵԿ
մաքսանենգության դեմ պայքարի և Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունների
աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից «Ֆասթ Ընդ Սեյֆ» ՍՊ ընկերության
միջոցով Ի. Մ.-ի անունից 4 քաղաքացու անունով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային
առաքանիները: Զննման արդյունքում ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիներից մեկում
առկա փաթեթներից հայտնաբերվել է շուրջ 650 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի
թմրամիջոց: Միջազգային սուրհանդակային մյուս առաքանիի փաթեթներից հայտնաբերվել է 1562 գրամ
ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Մեկ այլ քաղաքացու անվամբ Հայաստան
ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիից հայտնաբերվել է շուրջ 1050 գրամ ընդհանուր
քաշով թմրամիջոց, իսկ մյուս միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է 334 գրամ
ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Նույն օրը որոշում է կայացվել անցկացնել մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական
միջոցառումներ, այդ թվում՝ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական
միջոցառումը:
Անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում որոշվել է կազմակերպել ՀՀ
ներմուծված հիշյալ միջազգային սուրհանդակային առաքանիների առաքումը և հանձնումը՝ փոխարինված
զանգվածներով:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և օպերատիվ-
տեսչական բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի տարբեր հատվածներից, ինչպես նաև Արարատի
մարզի Գեղանիստ համայնքից առաքանիներն ստանալուց հետո, անմիջական ծագած կասկածի հիմքով
ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ 4 քաղաքացի:
Միաժամանակ, օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ հիշյալ
առաքանիները քաղաքացիներն ստանալուց հետո պետք է փոխանցեին մեկ այլ անձի։
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ առաքանիները ՀՀ ուղարկող Ի․ Մ․-ն կրկին Միացյալ
Նահանգներից ՀՀ է ուղարկել առաքանիների ևս մեկ խմբաքանակ, որոնցում հնարավոր է կրկին առկա լինեն
թմրամիջոցներ։ Իրականացված հսկողության ընթացքում մաքսային հսկողության է ենթարկվել ուղարկված ևս
7 առաքանի: Արդյունքում, առաքանիներում ևս հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 3 կիլոգրամ քաշով
«մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Ձերբակալված անձինք և հայտնաբերված թմրամիջոցները ներկայացվել են ՊԵԿ քննչական վարչություն,
որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝
դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



