«Հայրենիքի փրկության» շարժման մահվան մասին լո...

Ընդդիմության վեց լիդերների երեկվա հանդիպումը պետք չէ առանձնացնել մյուս հանդիպումներից։ «Հայրենիքի փրկության» շարժման խորհուրդը պարբերաբար տարբեր ֆորմատներով հանդիպումներ ունենում է, սա այդ հանդիպումներից հերթականն էր, որտեղ քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը, շարժման անելիքները, պլանավորել ենք առաջիկա աշխատանքները, մեր օրակարգում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է: Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե շարժումը դժգոհ է վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանից, և հնարավոր է՝ փոխվի միասնական թեկնածուն, Սաղաթելյանը նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: «Չկա նման բան, «Հայրենիքի փրկության» շարժման խորհուրդը մեկ շաբաթ առաջ նիստ է հրավիրել, հանդես է եկել հայտարարությամբ, հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզը, և որևէ բան մեր մոտեցումների և անելիքների մեջ չի փոխվել»,- ասաց նա:

Հարցին՝ շարունակվելո՞ւ են մարզային այցելությունները, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց՝ մարզային այցելությունները, անհնազանդության, բողոքի ակցիաները, երթերը, ցույցերը ամբողջ ծավալով «Հայրենիքի փրկության» շարժումն իրականացնելու է իր գործունեությունը:

Անդրադառնալով Անուշ Բեղլոյանի հայտարարություններին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Այսօրվա այս դավաճան իշխանությունը, որի գործունեության հետևանքով կորցրել ենք մեր հայրենիքի 75 տոկոսը, տվել ենք այսքան զոհեր, գերիներ, անհետ կորածներ, փախստականներ, ըստ էության, մեր երկիրը հասցրել են անդունդի եզրին, հիմա իրենց դավաճանությունը, անկարողությունն ու սրիկայությունն արդարացնելու համար, փորձում են մեր հասարակությանը համոզել, որ այն, ինչ կորցրել ենք, դա թուրքերինն էր. սկսած վարչապետից՝ վերջացրած այդ պատգմավորներով, որոնք անսրբություն, անհայրենիք մարդիկ են, փորձում են մեր հասարակությանը տրամադրել, որ ինչ կորցրել ենք, անցած լինի, եկեք հաշտ համերաշխ թուրքերի հետ ապրենք, այդ հարցն այլևս չքննարկենք՝ սրանով փորձելով հասարակությանը տրամադրել, թե սա է այն ճանապարհը, որով կապրենք խաղաղ, բայց չհասկանալով ու չգիտակցելով, որ Արցախը ՀՀ անվտանգության բանալին էր»:

Սաղաթելյանի խոսքով՝ Ճանապարհների ապաշրջափակումը, որի մասին խոսվում է, ևս միֆ է, և բազմաթիվ մասնագետներ շատ հիմնավոր և երկար ներկայացրել են, ըստ նրա, դա ևս մի ճանապարհ է մեր հասարակությանը մոլորեցնելու և սին հույսերով կերակրելու համար:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է շարժման վարչապետի թեկնածու լինի Ռոբերտ Քոչարյանը, Սաղաթելյանը պատասխանեց. «Մենք նման հարց չենք քննարկել, շարժման միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է»:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին՝ շարժման մահվան մասին, Սաղաթելյանի խոսքով, դրանք չափազանցություն են, նման խնդիր չկա, ընդհակառակը՝ իրենք ամեն ինչ անելու են, որ շարժումը նոր թափ հավաքի: