Հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի հետ սահման...

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից առաջնորդվող «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» վերանորոգված անցակետ այցի արդյունքում արձանագրեցին՝ հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը:

«Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները Մարգարայի անցակետում շրջայցից ու ստեղծված հնարավորություններին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձան նաև «Խաղաղության խաչմերուկ» նախածագին՝ այն որակելով խոստումնալից նախաձեռնություն:  

Եվրոպական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ֆրեդրիկ Վեսլաուն նախ ներկայացրեց խմբի՝ Հայաստան այցի հիմնական նպատակը: 

«Մենք եվրոպացիների խումբ ենք, որն աշխատել է Հարավային Կովկասում և շատ հոգատարությամբ է վերաբերվում այս տարածաշրջանին ու Հայաստանին: Մենք այստեղ ենք՝ խոսելու հայ գործընկերների հետ, որպեսզի ավելի իմանանք իրավիճակի մասին՝ հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնի փաստաթղթի ստորագրումից հետո, որը իսկապես պատմական է և նոր հույս և նոր խաղաղություն բերեց տարածաշրջան»,-ասաց Ֆրեդրիկ Վեսլաուն։ 

Նա շատ տպավորիչ համարեց «Մարգարա» անցակետը, ենթակառուցվածքները: «Ակնհայտ է, որ հայկական կողմը պատրաստ է սահմանի բացմանը, և մենք հույս ունենք, որ դա շատ շուտով տեղի կունենա»,-ասաց Վեսլաուն: 

Ըստ նրա՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացումը պետք է որ առանց խոչընդոտների գործընթաց լինի:  «Կարծում եմ՝ մենք բոլորս ցանկանում ենք այս տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ականատեսը լինել: Եվ, իհարկե, սահմանների բացումը պետք է լինի դրա մի մասը: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ»,-նշեց Վեսլաուն: 

Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, խոսելով Հայաստան այցի մասին, ընդգծեց՝ խմբի բոլոր անդամները որոշակի գործառույթներ են ունեցել իրենց երկրներում, Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում: «Բայց ամենակարևորը, ինչն  իրականում միավորում է մեզ, իհարկե, այս տարածաշրջանն է: Դա Հայաստանն է, դա խաղաղության ողջ գործընթացն է: Եվ մենք ուզում ենք լինել դրա մի մասը»,-ասաց Ֆյուլեն:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորություններին՝ Ֆյուլեն ընդգծեց՝ «Մարգարա»-ում տեսածը կարևոր քայլ է այդ սպասելիքը իրականացնելու ուղղությամբ:  

«Կարծում եմ՝ տեխնիկական պատրաստվածությունն առկա է։ Սա տեսնելուց հետո ոչ ոք իրականում որևէ կասկած չունի։ Մյուս կողմից, սա, իհարկե, պետք է լինի գործընթացի մի մասը»,-ասաց նա՝ նկատելով, որ դա չի կարող լինել մեկուսի իրադարձություն:  

Հայաստան կատարած այցի հիման վրա Ֆյուլեն պատրաստվում է մի քանի առաջարկ ներկայացնել այն մասին, թե ինչպես կարող է ԵՄ-ն ամրապնդել իր աջակցությունը:  

«Իմ առաջարկն այն է, որ Եվրոպական միությունն ինքը տարածաշրջանի երկրների, մասնավորապես Թուրքիայի հետ իր կապերի շրջանակում հստակ ազդակ տա այն մասին, որ սահմանի բացումը կարևոր քայլ է։ Ի վերջո, հենց սրա վրա է հիմնված եվրոպական նախագիծը՝ բաց սահմաններ, «երկաթե վարագույրի» վերացում, մարդկանց հնարավորություն տալ տեսնել միմյանց սահմանների երկու կողմում, ընդլայնել առևտրային ու այլ շփումները։ Այսպիսով, շատ կարևոր է տեսնել, որ դուք շատ հստակ ազդանշան եք ուղարկում, որ տեխնիկական և այլ հարցերում պատրաստ եք։ Եվ ես հույս ունեմ, որ շուտով դրան կհաջորդի նաև գործընթացի քաղաքական մասը, և մեր թուրք գործընկերները նույնպես պատրաստ կլինեն փոխադարձության։ Կարծում եմ՝ դա օգտակար կլինի երկուսի համար էլ»,-ասաց Ֆյուլեն:

Նա խոսեց նաև Եվրամիության կողմից «Խաղաղության խաչմերուկ» նախագծին աջակցության մասին: Նախաձեռնության հետ կապված որևէ ռիսկ Ֆյուլեն չի տեսնում: 

«Երբ տարիներ առաջ ժամանում էի այս տարածաշրջան, խոսքը պատերազմի մասին էր։ Եթե նույնիսկ իրականում դա այնքան էլ չենք զգացել, երբ քայլում էի մայրաքաղաքի փողոցներով, դա, այնուամենայնիվ, զգացվում էր հասարակության մեջ։ Սա իրականում իմ առաջին այցն է Հայաստան, երբ ես ունեմ այնպիսի զգացողություն, որ մարդիկ այստեղ իրավիճակը հիմա այլ կերպ են ընկալում։ Մենք դեռ սկզբում ենք, բայց կարևոր քայլեր են արվել օգոստոսի 8-ին։ Եվ այն փաստը, որ հիմա մենք կարող ենք ոչ միայն նայել «Խաղաղության խաչմերուկ»-ի քարտեզի այդ գծերին, այլ նաև դրանք վերածել իրական կապի կետերի, որտեղ մարդիկ կարող են միմյանց ավելի լավ հասկանալ, առևտուր անել, օգնել միմյանց, դա չափազանց կարևոր է»,–ասաց Ֆյուլեն:  

Եվրոպական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ֆրեդրիկ Վեսլաուն, իր հերթին անդրադառնալով Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ընդգծեց՝  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունը շատ խոստումնալից է: «Այն նպատակ ունի ընդլայնել տարածաշրջանում կապակցվածությունը, մարդկանց միջև շփումները, անշուշտ, նաև առևտուրը՝ մեծացնելով առևտրային հոսքերը և դրանք դարձնելով շատ ավելի արդյունավետ ու արագ»,-ասաց նա:  

 Նա նկատեց՝ այս տարածաշրջանը հակամարտության մեջ է եղել շատ երկրներ տարիներ: Վեսլաուն հույս հայտնեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կհամախմբի մարդկանց և կբարձրացնի մարդկանց փոխըմբռնումը, ինչը, իհարկե, չափազանց կարևոր է տարածաշրջանում հաշտեցման և երկարաժամկետ խաղաղության ու կայունության համար։ 

«Եվ նաև կարծում եմ, որ այս նախաձեռնությունը զգալիորեն կավելացնի առևտուրը, և սա լավ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների, ինչպես նաև, իհարկե, Եվրամիության համար»,-նշեց նա:

«Հայաստանի ընկերների ցանցի»-ի ներկայացուցիչները Հայաստանում են՝ իրենց փորձագիտական գիտելիքներով ու առաջարկություններով կիսվելու համար։