Հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի, կիրառել...

Ադրբեջանը խախտելով Հայաստանի սահմանը խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը: Այս իմաստով մեր գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Առաջինն այն է, որ հենց ի սկզբնե, հատելու ժամանակ փորձ արվեր կանխել եւ հարված հասցնել, եթե չէին կանգնում: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել տեղակայվել են, հետո են հայտնաբերվել: Որովհետեւ պատերազմից հետո մենք ունենք շուրջ 540 կմ նոր սահման, որն, ըստ էության, ոչ բոլոր տեղերում է կահավորված եւ ոչ բոլոր տեղերում կան զորքեր կամ սահմանապահներ: Հայտնաբերելուց հետո սկսվել են բանակցություններ: Հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի բանակցությունների արդյունքում, եթե Ադրբեջանը չի զիջում, կիրառել իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում ուժ կիրառել: Սակայն այս պահին եղած բանակցությունները, միջոցները, որոնք կիրառվում են, ճիշտ է, որովհետեւ պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա վերջին միջոցը՝ ուժի կիրառումը: Հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի»,-ասաց Մարուքյանը: