Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ:
Նա բարձր է գնահատել բժշկի կատարած աշխատանքն ու հայտարարել, որ քաղաքապետարանի կողմից արվում է ամեն բան՝ բուժաշխատողի աշխատանքային պայմանների ու բուժհիմնարկների շենքային պայմանների բերելավման և մասնագիտական վերապատրաստման ծրագրերի իրականացման ուղղությամբ:
«Հարգելի՛ բուժաշխատողներ,
շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ երախտիքի խոսքեր հղել Ձեզ՝ Ձեր անձնուրաց ու երբեմն անշնորհակալ աշխատանքի համար:
Պետք է խոստովանել, որ տասնյակ տարիներ շարունակ բուժաշխատողները աշխատել են այնպիսի պայմաններում, որոնք հաճախ չեն պատշաճել բժշկի բարձր կոչմանն ու առաքելությանը: Եվ հաճախ դա կամա թե ակամա ազդել է ոլորտում մատուցած ծառայությունների որակի ու արդյունավետության վրա՝ նաև անգամ ցավալիորեն ստվերելով բժշկի ու բժշկության բարի համբավը: Ուզում եմ, որ վստահ լինենք՝ առողջապահության ոլորտում բարեփոխումները, բուժաշխատողի աշխատանքային պայմանների բարելավումը, բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավումը ու մասնագիտական վերապատրաստումը, կատարելագործումը մեր հիմնական առաջնահերթություններից են, և մենք գուցե ցանկալիից ավելի դանդաղորեն, բայց վստահ քայլերով շարժվում ենք մեր քաղաքում արժանապատիվ ու որակյալ առողջապահություն ունենալու ճանապարհով:
Սիրելի՛ բուժաշխատողներ,
ուզում եմ շնորհակալական խոսքեր հղել ոլորտում ներգրավված բոլո՛ր մասնագետներին՝ բժիշկներին, բուժքույրերին ու բուժակներին, մանկաբարձներին, սանիտարներին ու շտապ օգնության վարորդներին՝ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են ուրիշի կյանքը փրկելու եւ առողջացնելու պատվաբեր գործին»,- գրել է Հայկ Մարությանը:



