Հայկ Մարությանը շարունակում է նախորդի արատավո...

«Մոտ 10 ամիս է՝ Հայկ Մարությանը զբաղեցնում է Երևանի քաղաքապետի պաշտոնը, բայց այդպես էլ նշանակալի խնդրներից ոչ մեկի լուծումը չենք տեսնում, ավելին՝ այդ խնդիրները կուտակվում են»,-այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ ամենամեծ խնդիրն աղբահանությունն է: «Մարությանի՝ քաղաքապետ լինելու ժամանակահատվածում խնդիրն էլ ավելի սրվեց. եթե քարոզարշավի ժամանակ քաղաքապետը հայտարարում էր, թե գալու է և 6 ամսից 1 տարվա ընթացքում որևէ խնդիր չի լինելու, այսօր տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը»,-ասաց Հարությունյանը:

Նա անդրադարձավ նաև «Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում հրավիրված ասուլիսին.«Սա էականորեն ազդելու է Հայաստանում պոտենցիալ ներդրողների տրամադրության վրա, որովհետև նայելու են, հարց տան՝ ինչպես է ստացվում, որ Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունը ասուլիս է հրավիրում հարևան երկրում: Այսինքն՝ Մարությանին չի հաջողվել ստեղծել վստահության մթնոլորտ, չի հաջողվել գտնել խնդրի լուծման բանալին: Անընդհատ ժողովրդին ասելը, թե համբերեք, խնդիրը կլուծվի, լուրջ չէ: Բավական ժամանակ կար, որպեսզի լուծեին: Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստանում էր, թե կլինեն երկրորդ, երրորդ օպերատորներ, այժմ տևական ժամանակ է անցել, և նոր-նոր մի քանի մեքենա են բերել, մի քանի աղբաման են բերել և խոսում են խնդիրների լուծման մասին»:

Բաբկեն Հարությունյանը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով վերջինիս և «Սանիթեք»-ի միջև կնքված պայմանագիրը.«Պետք է հասկանալ՝ արդյո՞ք ամբողջ մեղավորությունը «Սանիթեքինն» է»: 

Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց նաև ծառատնկման և համատիրությունների աշխատանքներում եղած խնդիրների վրա.«Ասում են՝ 7500 ծառ են տնկել, բայց մենք այդպես էլ չտեսանք՝ քարտեզագրում իրականացվե՞լ է, ոռոգման ցանց ներդրվե՞լ է: Ասում էր՝ կներգրավի մասնավոր ընկերություններ, որոնք կհամագործակցեն համատիրությունների հետ: Որևէ մեկը տեսե՞լ է նման համագորակցություն, որևէ պայմանագրի կնքում կամ արդյունք»:

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգողի խոսքով՝ այս բոլոր խնդիրների հիմքը միանշանակ ոչ պրոֆեսիոնալ կառավարումն է:

«Չկա ռազմավարական մոտեցում, շոուի նմանվող գործողություններ են իրականացվում, ինչի ականատեսն ու կրողն ենք մենք: Մարությանը շարունակում է նախորդի արատավոր գործունեությունն ու ոչ պրոֆեսիոնալ կառավարումը: Ես որևէ լավ բանի չեմ սպասում: Քանի գնում, այդ խնդիրները մեծանում են: Իսկ քաղաքապետարանում խճճվել ու չեն հասկանում՝ ոնց են լուծելու այս խնդիրները, որովհետև մեծ խոստումներ են տվել՝ առանց հասկանալու խնդիրների մասշտաբներն ու առանց ունենալու համապատասխան կադրային բազա»,-ասաց նա: