Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանի դեմ: Քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքում:
Politik.am-ի հետ զրույցում Սոնա Աղեկյանը ծիծաղելի համարեց Հայկ Մարությանի՝ իրեն դատի տալը: Աղեկյանը վստահ է՝ իրեն դատի տալը Հայկ Մարությանի նախաձեռնութունը չէ, իրեն վերևից են պարտադրել.
«Վարչապետն է վրդովվել, որ Հայկ Մարությանի հետ նաև իր նկարներն ենք «Իմ աղբը» մակագրությամբ փակցրել աղբամաններին: Այդ օրվանից են սկսել ինձ բերման ենթարկել: Ոստիկանության՝ բերման ենթարկելու ակցիաներին մասնակցում էին վարչական շրջանների ղեկավարներ, թեև նրանք, ըստ տրամաբանության, չպետք է մասնակցեին դրան»,-ասաց Աղեկյանը՝ նշելով, որ իրենք ևս Հայկ Մարությանի դեմ դատական հայցեր են ներկայացրել:
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավարի կարծիքով՝ սա հերթական փորձն է իրենց լռեցնելու, «բայց չեն կարողանա»:
«Անցյալ տարի, երբ երևանցիներն ընտրում էին քաղաքապետ, որևէ մեկը Հայկ Մարության չէր ընտրել, ընտրեն են «պոլի փետ», ում առաջադրել էր Նիկոլ Փաշինյանը: Ասում էին՝ «պոլի փետ» լինի, Նիկոլի ասածը լինի, որ Նիկոլն է ասել, ընտրելու ենք: Հայկ Մարությանը, եթե արժանապատվություն ունենար, «պոլի փետին» տված քվեն մերժելու էր: Այս տասնմեկ ամիսների ընթացքում ինքը պետք է ցույց տար, որ ոչ թե «պոլի փետ» է, այլ քաղաքապետ է և հավուր պատշաճի աշխատում է»,-նշեց Սոնա Աղեկյանը:
Անդրադառնալով վարկածին, թե հնարավոր է՝ Մարությանը Աղեկյանին դատի է տվել, քանի որ վերջինս կարծիք է հայտնել, թե քաղաքապետարանում կոռուպցիան մեծ մասշտաբների է հասել, Սոնա Աղեկյանն ասաց.
«Այն, ինչ ես բարձրաձայնում եմ, թաքուն պահած չէ: Բոլորս ենք տեսնում աղբի աննախադեպ քանակը ու զգում գարշահոտոթւյունը: Ես պնդում եմ, և դա զրպարտություն չէ, իմ կարծիքն է, և իրավունք ունեմ այդպես կարծելու: Փաստացի՝ «Սանիթեք»-ը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները, ինչի՞ց ենք վախենում և չենք խզում պայմանագիրը: Ես իրավունք ունեմ մտածելու, որ մեզ պարտադրված քաղաքապետը կոռուպցիոն գործարքների մեջ է»:
Աղեկյանը տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնության բողոքի ակցիենրը շարունակական բնույթ են կրելու:



