
Լրագրող և քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը հայտարարել է, որ հրաժարվում է իրեն հասանելիք պատգամավորական մանդատից։
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը և կանդամակցի «Մայր Հայաստան» կուսակցությանը։ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ հերթական համարը Հայկ Խալաթյանն է, և հենց նա պետք է ստանար մանդատը։
Խալաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է։
«Տեղեկացա, որ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը որոշել է վայր դնել իր մանդատը։ Ըստ ցուցակի՝ հաջորդը ես եմ։ Սակայն երկար մտածելուց հետո որոշում եմ կայացրել հրաժարվել մանդատից և շարունակել իմ գործունեությունը մեդիա ոլորտում՝ որպես խմբագիր և լրագրող»,- գրել է Խալաթյանը։
Նրա խոսքով՝ մանդատ ստանալու դեպքում ստիպված կլիներ դադարեցնել մասնագիտական աշխատանքը։
«Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և առաջիկա ընտրությունները՝ գտնում եմ, որ այս փուլում ավելի նպատակահարմար է մնալ տեղեկատվական դաշտում՝ շարունակելով ծառայել հանրությանը՝ փաստերի, վերլուծության և հրապարակային խոսքի միջոցով»,- գրել է նա։
Խալաթյանը վստահեցրել է, որ մանդատը ստացող գործընկերը ոչ պակաս պատասխանատվությամբ կներգրավվի քաղաքական պայքարում, իսկ ինքը կմնա «Հայաստան» դաշինքի և նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի աջակից։