ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ մինչև 2008թ. մարտի 1-ը Հայաստանն ունեցել է Զինված ուժերը զանգվածի անկարգությունները ճնշելու նպատակով օգտագործելու բավականին մեծ փորձ:
Փաստաբանը հիշեցրեց 1996թ., երբ առաջին անգամ հայկական բանակը մտել է մայրաքաղաք, և երբ Երևանի փողոցներում տանկեր կային. «1996թ. հոկտեմբերի 2-ին, երբ հավաքվել էին ամփոփելու ցույցերը ցրելը, զորքերն օգտագործելը, ձեզ հայտնի Վանո Սիրադեղյանը նման բան է ասել.
«Հայկական բանակը առաջին անգամ մտավ մայրաքաղաք, դա շատ կարևոր է, զորքերի հետևից՝ ներքին զորքերը՝ մեր առաջին գունդը: Նրանք պահպանել են Սահմանադրությունը, պաշտպանել են նախագահին: Կարևոր չէ՝ ով է նախագահը, կարևորը՝ պահպանել են Սահմանադրությունը: Երբ կրքերը թեժանում են, ժողովուրդը բաժանված է երկու-երեք մասի, կրքերը թեժանում են, կարևորը սպայական կազմն է, որն այժմ կոչվում է՝ երկրապահ, ու եթե մեկ սանտիմետր կողք են գնացել, ուրեմն՝ արյունն արժե այն, որպեսզի սահմանադրական կարգը ու թափված արյունը փոխհատուցվել են կայունությամբ»»:
Հայկ Ալումյանն ընդգծեց. «Եթե այսօր մեր քննչական մարմինները, դատախազությունը, ԱԱԾ-ն սևեռվել են այն կեղծ գաղափարի վրա, որ զորքը չի կարող օգտագործվել ներսի խռովությունները դադարեցնելու նպատակով, եթե իրոք այդպես են մտածում, ապա ինչո՞ւ այս ամենին գնահատական չի տրված: Հիշում եք՝ 2008թ. մարտի 1-ի ցերեկը ցուցարարներն ինչպես էին վարվել ոստիկանների հետ, դանակահարել էին ԱԺ մի պատգամավորի, որովհետև նա դանակահարությունից փրկեց ոստիկանի, և իրեն դանակահարեցին: 187 վիրավոր ոստիկանների գերակշռող մեծամասնության վնասվածքներն են՝ այրվածքներ և բեկորային վնասվածքներ, այսինքն՝ բեկորային վնասվածքներն էլ առաջանում են մարտական նռնակներից:



