Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Մարտի 1-ի» գործով դատավարությունը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից մինչ դատական նիստի սկսումը նախագահող դատավորի նկատմամբ ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացվել։
Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը դեռևս միջնորդությունը չի ստացել և ծանոթ չէ միջնորդությանը։ Քանի որ պաշտպանական կողմն այսօր միջնորդություն է ներկայացնելու քրեական հետապնդման դադարեցնելու վերաբերյալ, դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքվեց, թե պաշտպանական կողմը հնարավոր համարո՞ւմ է միջնորդություն ներկայացնել, քանի դեռ դատարանը չի քննել դատավորին ներկայացարած ինքնաբացարկի միջնորդությունը։ Հայկ Ալումյանը նշեց, որ տրամբանական կլիներ, եթե առաջնայինը քննվեր դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն որևէ առարկություն չունի։
Այնուհետև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի, քանի որ ինքը այլ գործով ժամը 15․00-ին պետք է ներկայանա դատարան։ Մեղադրող կողմը առարկեց, դատախազը նշեց, որ հասկանալի է, որ փաստաբանները կարող են այլ ծանրաբեռնվածություն ունենալ, սակայն դա չի կարող պատճառ դառնալ, որ դատական նիստը հետաձգվի։ Դատարանը որոշեց դատական նիստը շարունակել։



