Հայերը և ադրբեջանցիներն առևտուր են անելու իրա...

Այնպես չէ, որ հայերի մեծամասնությունը ցանկանում է ադրբեջանցի սահմանապահի դեմք տեսնել և դա վատ է, որովհետև մենք հարևաններ ենք, և ժամանակի ընթացքում դա էլ է դուրս գալու: Նույն հայերը և ադրբեջանցիները Մոսկվայում միասին բիզնես են անում, ընկերություն են անում և իրար ծնունդների են գնում, նույնը՝ այլ երկրներում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: 

«Այո՛, այդ լարվածությունը կա, վերքերը թարմ են թե՛ մեր կողմից, թե՛ իրենց կողմից: Բա՞ մենք մարդ չենք սպանել, մարդ չի՞ մահացել Ադրբեջանի կողմից», - հարցադրումով դիմել է Սիմոնյանը: 

Նա նշել է, որ կարծում է՝ այդ զգայունությունը երկու կողմից էլ կա, բայց իրենց համար առաջնային և կարևոր է կոմունիկացիաների՝ հնարավորինս արագ բացումը: Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ էմոցիոնալ հարցը շատ կարճ ժամանակահատվածում լուծվելու է: 

«Հայերը և ադրբեջանցիներն առևտուր են անելու իրար հետ, մենք ունենալու ենք հայ-ադրբեջանական ապրանքների միասնական շուկա: Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքվի և մնացած այլ քաղաքների խանութներում: Դա անխուսափելի է: Ինչքան ուզում է, կենացներ խմեք, ասել ասող՝ թռեք օդ, իջեք ներքև», - ասել է ԱԺ նախագահը:   

Նա ընդգծել է, որ օրինակ, բենզինը հայերը գնալու են ավելի էժան առնեն, որովհետև այդպես ձեռնտու է:

«Ադրբեջանը վերքեր ունի, Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը 30 տարի, չեմ ասում՝ ճիշտ է, սխալ է, իրենց երկրի 20 տոկոսը պահել է օկուպացիայի տակ, մինչև ցեղասպանություն անող հայտարարություններ է անում և Ադրբեջանի համար շատ կարևոր է ապագա յուրաքանչյուր սպառնալիք կանխել»,- ասել է նա: