
Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագիրը։
ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե կարելի է արդյոք լավատեսություն ունենալ Գազայի հատվածում պատերազմի դադարեցման հարցում։
«Գիտեք, որ նախագահ Թրամփը խաղաղության ծրագիր է առաջարկել, և միջազգային հանրությունն արդեն ողջունել է այդ ծրագիրը։ Մենք նույնպես ողջունում ենք և հույս ունեմ, որ ծրագրի իրագործման արդյունքում, ի վերջո, կհաջողվի խաղաղություն հաստատել Գազայի գոտում։ Նաև ասեմ, որ նախորդ տարի Հայաստան ճանաչել է Պաղեստինի պետությունը, և մենք ուշիուշով հետևում ենք գործընթացներին ու հույս ունենք, որ ի վերջ խաղաղություն կհաստատվի նախագահ Թրամփի ջանքերի արդյունքում և միջազգային հանրության աջակցության պայմաններում»,- ասել է Փաշինյանը։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել էր Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր պլանը՝ հայտարարելով, որ Իսրայելն արդեն դրան տվել է իր համաձայնությունը։
Վաշինգտոնի առաջարկած պլանը ենթադրում է, որ Իսրայելի կողմից դրան հավանություն տալուց հետո 72 ժամվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր իսրայելցի պատանդները պետք է ազատ արձակվեն։ Իր հերթին Իսրայելն ազատ է արձակելու հարյուրավոր պաղեստինցի պատանդներին և աստիճանաբար դուրս է բերելու իր զորքերը Գազայի հատվածից։
Պլանի համաձայն՝ Գազայի հատվածը դառնում է ապառազմականացված գոտի, իսկ ՀԱՄԱՍ-ը պետք է հրաժարվի պաղեստինյան այդ շրջանը որևէ ձև կառավարելու դերից, իսկ խմբավորման անդամները, որոնք վայր կդնեն զենքերը, կկարողանան հեռանալ արտերկիր։
Այս քայլերից հետո, համաձայն պլանի, Գազայի հատվածում կտեղակայվեն միջազգային ուժեր և կսկսվեն հումանիտար օգնության մասշտաբային մատակարարումներ։ Բացի այդ, կստեղծվի հատուկ տնտեսական գոտի։ Նշվում է նաև, որ Գազայի հատվածից մարդկանց բռնի տեղահանում չի իրականացվելու։
Գազայի հատվածը անցումային շրջանում կղեկավարվի տեխնոկրատների կոմիտեի կողմից՝ մինչև պաղեստինյան կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը։ Այդ կոմիտեն կձևավորվի պաղեստինցիների և փորձագետներից՝ ամբողջ աշխարհից։ Ի թիվս այլոց՝ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը։ Թրամփը հայտարարել է, որ հանձնաժողովը ինքն է ցանկանում գլխավորել։