Հայաստանը ստանձնեց ԱՊՀ հարկային հետաքննության...

Երևանում սեպտեմբերի 24-ին կայացավ ԱՊՀ երկրների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը: 

Դրանով ազդարարվեց այս կառույցում Հայաստանի նախագահության մեկամյա ժամկետի մեկնարկը: Նախագահելու իրավունքը մեր երկրին անցավ Ղազախստանից: 

Սա Խորհրդի 24-րդ նիստն էր, որի մասնակիցները քննարկեցին ԱՊՀ երկրների՝ այս ոլորտում գործող պատկան կառույցների փոխգործակցության տարբեր հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց գործունեության տնտեսական անվտանգության ապահովմանը, ծայրահեղականության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին, դրամական միջոցների ապօրինի շրջանառությանը, տնտեսական ոլորտում հանցագործությունների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունքներին։ Դիտարկվեցին նաև կադրերի վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը վերաբերող հարցեր:

Մասնակիցներն ընդունեցին օրակարգի հարցերի վերաբերյալ համապատասխան որոշումներ և նախանշեցին հետագա աշխատանքների ուղղությունները։ 

Նիստին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, ինչպես նաև Հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) ուսումնական հաստատությունների և ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ներկայացուցիչները։ Խորհրդին անդամակցող Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները Հայաստան չեն ժամանել և չմասնակցեցին քննարկումներին: 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում սեպտեմբերի 23-ին տեղի էին ունեցել Համակարգող խորհրդի աշխատանքները և փորձագիտական խմբերի նիստերը: Նույն օրը պատվիրակությունների անդամները ծանոթացել էին նաև ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատանքներին և այցելեն էին ՊԵԿ շնագիտական կենտրոն։

Սեպտեմբերի 24-ի նիստի սկզբում Ղազախստանի ֆինանսական մոնիթորինգի գործակալության նախագահի տեղակալ Կայրաթ Բիժանովը հայտարարեց Խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցնելու և դրանք Հայաստանի ներկայացուցչին փոխանցելու մասին:

Նա արձանագրեց նաև, որ Խորհրդում նախագահելու անցած մեկ տարին յուրահատուկ էր իրենց համար: 

«Այդ ընթացքում երկու անգամ հանդիպելու հնարավորություն ունեցանք: Աստանայում նախորդ ամիս ձևավորված դրական մթնոլորտը ևս մեկ անգամ դրսևորեց մեր փոխհարաբերությունների ամրությունն ու թափանցիկությունը: Ղազախստանի նախագահությամբ աշխատանքն ընդհանուր առմամբ պայմանավորված էր նախկինում ընդունված որոշումների կատարմամբ: Ուշադրություն ենք դարձրել հարկային հետաքննությունների մարմինների համագործակցության ձևավորմանը, ԱՊՀ շրջանակներում տարբեր մակարդակով շփումների վերականգնմանը և հնարավորության սահմաններում իրականացրել ենք Խորհրդի աշխատանքի ծրագրով նախատեսված միջոցառումները»,- նշեց նա: 

Բանախոսը նաև ընդգծեց, որ Ղազախստանը հետևողականորեն հանդես է գալիս միջազգային համագործակցության ընդլայնման, դրա արդյունավետության բարձրացման և հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարում ջանքերի համախմբման օգտին: Այդ երկիրը Խորհրդի գործունեության հնարավորությունը դիտարկում է որպես միջազգային փոխգործակցության հեռանկարային հարթակ, որը հնարավորություն է ընձեռում մերձեցնել մոտեցումները և հեշտացնել մասնակից պետությունների համագործակցությունը: Նա հետագա կառուցողական փոխգործակցության հույս հայտնեց:

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը,  ողջունելով ներկաներին, նշեց, որ նիստին նրանց մասնակցությունը վկայում է պատասխանատվության բարձր աստիճանի և այս հաստատությունների և երկրների միջև համագործակցության ամրապնդման հարցում հետաքրքրվածության մասին: 

«Այս Խորհուրդը կարևոր հարթակ է փորձի փոխանակման, համատեղ վերլուծության և հարկային իրավախախտումների ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ միջոցների մշակման համար: Տնտեսական և իրավական ոլորտների արագ փոփոխման պայմաններում մեր խնդիրն է ապահովել հարկման ոլորտում թափանցիկությունը և օրինականությունը, ամրապնդել քաղաքացիների և բիզնեսի վստահությունը պետական կառույցների նկատմամբ:

21-րդ դարում տնտեսական հանցագործությունները սահմաններ չեն ճանաչում: Կրիպտոակտիվները, տեխնոլոգիական նորարարությունները, էլեկտրոնային ձեռներեցությունն ու առևտուրը, ամպային լուծումները սրընթաց տարածվում են՝ ստվերային տնտեսությանը հաղորդելով նոր, ավելի բարդ բնույթ: Այս պայմաններում հարկային հետաքննությունների ոլորտում երկրների միջև համագործակցությունն ավելի կարևոր է դառնում:

Նման հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս քննարկել ակտուալ եզրակացությունները, փոխանակվել հաջող փորձով և մշակել համատեղ լուծումներ, որոնք կօգնեն ապահովել մեր աշխատանքի արդյունավետությունը և նպաստել մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Մասնակիցներին ողջունեց և տնտեսական անվտանգության ոլորտում միջպետական նպատակային ծրագրերի կազմակերպմանը միտված արդյունավետ մասնակցության համար Խորհրդի անդամներին շնորհակալություն հայտնեց ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը: Նա կարևորեց հարկային հետաքննությունների մարմինների համագործակցության համակարգման մակարդակի բարձրացումը, վերլուծական աշխատանքի կատարելագործումը, տեղեկատվության և կիրառական փորձի փոխանակումը:

«Բավարարվածությամբ նշում ենք, որ ներկայիս նիստի օրակարգում արտացոլվել է համագործակցության առավել կարևոր հարցերի շուրջ փորձագիտական խորհրդի աշխատանքային խմբի գործունեությունը շարունակելու անհրաժեշտությունը: Աջակցում ենք նաև կադրերի մասնագիտական պատրաստականության որակի բարձրացմանը միտված քայլերին: Չեմ կարող չնշել 2026 թվականին Խորհրդի նախատեսած միջոցառումները: Վստահ եմ, որ քննարկվող բոլոր հարցերի վերաբերյալ կկայացվեն համաձայնեցված որոշումներ, որոնք կդառնան փոխադարձ համագործակցության զարգացմանն ուղղված հերթական քայլը»,- ասաց Նուրլան Սեյտիմովը: 

Այնուհետև Կայրաթ Բիժանովը Խորհրդի  նախագահի լիազորությունները պաշտոնապես փոխանցեց ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանին՝ նրան հանձնելով նաև փոխանցումը խորհրդանշող գավաթը:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ Խորհրդի նախագահի լիազորություններն իրեն վստահելու համար:

«Այժմ հիմնականում աշխատում ենք զարգացնել թվային հետախուզությունը, որովհետև արդի ժամանակաշրջանում այնպիսի տեխնոլոգիաներ են կիրառվում, որ շատ դժվարացել է հարկային հանցագործությունների դեմ պայքարելը: Այդ նպատակով անհրաժեշտ են նոր գործիքներ, նոր մեխանիզմներ, որպեսզի հնարավոր լինի բացահայտել հարկային բոլոր իրավախախտումները: Գործողություններն իրականացվում են հիմնականում օպերատիվ աշխատանքի միջոցով, գաղտնի եղանակներով, որոնց բացահայտումը նպատակահարմար չէ»,- նշեց նա: 

Ղազախստանի ֆինանսական մոնիթորինգի գործակալության աշխատակից Երլան Դիմականովն էլ, պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, հայտնեց, որ իր երկիրը տնտեսական հանցագործությունների բացահայտման ոլորտում մշտապես սերտորեն փոխգործակցում և համագործակցում է Հայաստանի հետ: Ընդ որում, ոչ միայն այս հարթակում, այլև երկկողմ հարաբերությունների միջոցով: 

Հայտարարվեց, որ Խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու 2026 թվականին Ուզբեկստանում, որը ստանձնելու է այս կառույցում նախագահությունը հաջորդ մեկամյա ժամանակաշրջանում: