
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 31-ին այցելել է Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ հանդես է եկել ելույթով։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպված մշակութային ընդունելության ժամանակ Գերմանիայի նախագահ Շտայնմայերն ընդգծել է Գերմանիայի և Հայաստանի սերտ կապերը։
Գերմանիայի նախագահն իր ելույթը սկսել է բանաստեղծությամբ, ապա նշել․ «Եթե Դաշնային նախագահը Հայաստանի մայրաքաղաքում կանգնած գարնանային բանաստեղծություն է կարդում, դա կարող է երկու բան նշանակել․ գարունն իսկապես եկել է և, ենթադրաբար, մենք Կոմիտասի թանգարանում ենք, որտեղ գերմանական քնարերգությունն, ինչպես քիչ առաջ տեսանք, իր հաստատուն տեղն ունի»։
Շտայնմայերը նկատել է, որ ելույթի սկզբում իր արտասանած բանաստեղծությունը, որը պատկանում է Թեոդոր Շտորմի գրչին, կոչվում է «Ապրիլ»։
«Այսինքն՝ մենք նույնիսկ փոքր-ինչ շտապել ենք… Սա մեկն է Թեոդոր Շտորմի, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի և այլոց այն բանաստեղծություններից, որ Կոմիտասն իր բեռլինյան ուսումնառության տարիներին վերածել է երգի։ Այս երգերը տպավորիչ կերպով ցույց են տալիս, թե մեծագույն հայ կոմպոզիտորը որքան կապված էր արևմտյան պոեզիային, բայց նաև՝ այդ պոեզիայի հիման վրա գրված երաժշտությանը՝ Ֆրանց Շուբերտից մինչև Ռիխարդ Շտրաուս։ Դուք բոլորդ, անշուշտ, գիտեք, որ Կոմիտասը հայ երաժշտության հայրն է համարվում։ Ոչ ոք նրա նման, որ հոգևորական էր, չի մարմնավորել այս բիբլիական երկիրը, որը գտնվում է Ասիայի եւ Եվրոպայի միջև, երկիր, որ կրում է հազարամյա արևելյան, միաժամանակ նաև քրիստոնեական մշակույթի կնիքը, և որի պատմությունը լի է տառապանքով, հալածանքով ու աքսորով։
Կոմիտասի երգերում, ասում են, հայ ժողովրդի հոգին է խոսում։ Նրա ճակատագիրը սերտորեն շաղկապված է իր երկրի ճակատագրին։ Եվ նաև իմ երկրի հետ էր նա սերտորեն կապված։ Բեռլինի հետ առնչությունը նրան դարձրել է գերմանահայկական հարաբերությունների նախակարապետը մշակույթի, կրոնի և գիտության մեջ։ Ուստի, մենք ավելի լավ վայր չէինք կարող ընտրել՝ մեր մշակութային հարաբերություններն ըստ արժանվույն գնահատելու համար»,-նշել է Շտայնմայերը՝ խորին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար։
Շտայնմայերն իր ելույթում նշել է, որ շատ շուտով Երևանում ևս մեկ վայր կլինի, որտեղ երկու երկրների մշակութային հարաբերությունները կյանքով կլցվեն, որտեղ գերմանահայկական բարեկամությունն իր տունը կունենա։
«Մինչ այժմ որպես Գյոթե կենտրոն գործող կառույցի վերափոխությունը Գյոթե ինստիտուտի, արդեն որոշված է. բացումը հաստատապես ծրագրված է այս տարի։ Մենք բոլորս ուրախ ենք դրա համար, և ես համոզված եմ, որ Գյոթե ինստիտուտը կշարունակի ամրապնդել մեր մշակութային հարաբերությունները։ Հայաստանում այսօր էլ մեծ հետաքրքրություն կա գերմաներենի, ինչպես նաև Գերմանիայի հետ գիտական ոլորտում համագործակցության հանդեպ։ Դրա ապացույցը ոչ միայն մոտ 50 երկկողմ միջբուհական համագործակցություններն են։ Երիտասարդ հայաստանցիների համար Գերմանիան ուսումնառության երկրորդ ամենասիրելի վայրն է։ Այդ հարցում, իհարկե, մեծ է միջքաղաքային գործընկերությունների դերը։ Ամեն դեպքում չեմ զարմանա, եթե Լայպցիգի համալսարանում արդեն ավելի ու ավելի հաճախ հանդիպեն հայ ուսանողներ»,-ընդգծել է Գերմանիայի նախագահը: