Ռեակտորի հարցում մեզ հետաքրքրում է գինը, անվտ...

Հայաստանը կայացրել է ռազմավարական որոշում, որ իր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային, այդ հարցով խոսակցություններ են ընթանում 5 երկրի հետ:  

Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային: Մենք բազմակողմանի քննարկում ենք ունեցել և այդ որոշումը կայացրել ենք»,-ասաց Փաշինյանը: 

Անդրադառնալով հարցին, թե այս առումով Հայաստանն ո՞ւմ հետ է գործընկերություն անելու՝ վարչապետն ասաց. «Մենք մեր բոլոր գործընկերներին, որոնք նման տեխնոլոգիա ունեն կամ կարող են ունենալ, բոլորին հարցրել ենք, թե արդյոք իրենք կնեղսրտե՞ն, եթե մենք այդ թեման քննարկենք նաև մյուսների հետ: Բոլորն ասել են՝ ոչ»:  

Նա նկատեց՝ երբ ինքը գնում է Մոսկվա, մարդիկ կարծում են, թե որոշվել է, որ նոր ռեակտորը կառուցվում է Ռուսաստանի հետ: Հայաստանն ԱՄՆ-ի հետ հուշագիր է ստորագրում, հետո գնում Մոսկվա, ասում են՝ հուշագիրը ստորագրեցին, ապա ինչո՞ւ գնացին Մոսկվա:  

«Մենք շատ թափանցիկ ասել ենք, որ այս պահին ուզում ենք ստանալ առաջարկներ: Եվ մենք այսօր նման խոսակցություն ունենք և՛ ԱՄՆ-ի հետ, և՛ Ռուսաստանի հետ, և՛ Չինաստանի հետ, և՛ Հարավային Կորեայի հետ, և՛ Ֆրանսիայի հետ: Ընդ որում, մենք քաղաքական բաղադրիչ չենք դնում ընդհանրապես: Կոմերցիոն և տնտեսական շահավետության առումով պետք է նայենք, թե որ առաջարկն է մեզ ձեռնտու և ընտրություն կատարենք ըստ այդմ»,-ասաց վարչապետը:

Վարչապետը շեշտել է՝ այսպիսով, Հայաստանն այդ թեմայով երկխոսություն ունի 5 գործընկերոջ հետ: Ընդ որում, այդ խոսակցությունը գործնական է: Հայաստանի փորձագետների խմբերն այցելում են կամ պետք է այցելեն տարբեր տեղեր՝ ուսումնասիրելու, պարզելու: 

«Առաջիկա 1-2 տարվա ընթացքում պետք է որոշում կայացնենք և պայմանագիր կնքենք: Եվ այդ որոշում կայացնելն ու պայմանագիր կնքելը չի ունենալու աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական ենթատեքստ: Մենք ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր և ուզում ենք դա առավել լավ գնով, առավել անվտանգ տեխնոլոգիայով, նաև իր ներդրման հետգնման հնարավորինս կարճ ժամկետով»,– ասաց Փաշինյանը:

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գործունեության ժամկետն ավարտվում է 2026 թվականին։ Հայաստանի կառավարությունը ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ աշխատանքներ է իրականացնում դրա գործունեության ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու ուղղությամբ։ 2036 թվականի արդեն ՀՀ կառավարությունը նախատեսում է միջուկային նոր ռեակտոր ունենալ։